Վերջին 17 տարիների ընթացքում առաջին անգամ ԱՄՆ Արեւելյան ափի մի քանի նահանգներում միլիարդավոր ցիկադներ են հայտնվել։ Միջատաբանները այս պոպուլյացիան անվանում են Մեծ արեւելյան բնադրում կամ Brood X, տեղեկացնում է Nat-geo–ն։

Դրանց հայտնվելը արդեն նկատվել է Վիրջինիա, Մերիլենդ եւ Ջորջիա նահանգներում: Հողի ջերմաստիճանի բարձրացման հետ մեկտեղ ակնկալվում է, որ միջատների «գրոհը» կտարածվի մյուս նահանգներում, որտեղ դրանք բնադրվում են: Այդ ցիկադները հողի տակ են գտնվել 17 տարի՝ թունելներ փորելով եւ սնվելով հողի տակ։ Այս գործելակերպը ցիկադներին թույլ է տալիս գոյատեւել եւ հաջողությամբ զուգավորվել՝ սկիզբ դնելով նոր 17-ամյա շրջափուլին։

Տեսականորեն ցիկադները կարող էին հիանալի կեր հանդիսանալ թռչունների եւ որոշ կաթնասունների համար։ Բայց կենդանիները չեն կարող հույսը դնել պոտենցիալ սննդի վրա, որը հասանելի է դառնում միայն 17 տարին մեկ անգամ, դրա համար էլ ցիկադները համեմատական անվտանգության մեջ են գտնվում եւ մինչեւ սատկելը բազմանում են հողի մակերեսին մոտ վեց շաբաթ։

Բայց ցիկադների համար սպառնալիքը վրա հասավ անսպասելի կողմից։ ԱՄՆ-ում թափ է հավաքում այդ միջատներն ամենատարբեր կերակրատեսակներում օգտագործելու թրենդը։ Այսպես, հոնկոնգցի ավագ խոհարար Բուն Լայը, որն ապրում է Վաշինգտոնում, տեղի բնակիչներին հրավիրել է համտեսել ցիկադները քաղաքային այգում։

Բուն Լայը բոլոր ցանկացողներին պատմել է, թե ինչպես պետք է ճիշտ հավաքել ցիկադներն ու պատրաստել կերակուր դրանցից։ Խոհարարը միջատների վրա աղ է ցանել տապակելուց առաջ։ Հետո ցիկադները փաթաթել է բրնձով ու բանջարեղենով տերեւների մեջ՝ դրանք վերածելով սուշիի միջուկի։

Ցիկադների օգտագործումը սուշի պատրաստելով չի սահմանափակվել։ Մեքսիկական շատ ռեստորաններում այդ միջատները սկսել են օգտագործել որպես տակոյի լցոն, իսկ Մերիլենդի կոնֆետներ արտադրող ընկերությունը պատրաստում է ցիկադներ շոկոլադի մեջ։