Անցյալ տարի Հունաստանում հին հունական բժշկության աստված Ասկլեպիոսի սրբավայրի պահպանման ծրագրի շրջանակներում հին շինության վայրում պեղումներ էին սկսվել: Արդեն հայտնի շենքից ոչ հեռու գիտնականներին հաջողվել էր ավելի հին սրբավայր գտնել, հայտնում է Planet-today-ը` վկայակոչելով Greek Reporter-ը:
Ասկլեպիոսի սրբարանի գլխավոր շենքից` տոլոսից քիչ հեռու, հնագետները մեկ այլ կառույց են հայտնաբերել, որը, պարզվել է, կես դարով ավելի հին է: Նոր հայտնաբերված շենքն ընդամենը մեկ հարկ ունի եւ զարդարված է պարզ սյուներով: Իսկ դրա տակ գիտնականները մեկ այլ սրբավայր են հայտնաբերել` ստորգետնյա: Հատակն այստեղ ծածկված է այդ ժամանակաշրջանի համար անսովոր խճաքարային խճանկարներով, իսկ պատերը ծածկված են վառ սվաղով:
Գիտնականները կարծում են, որ նոր հայտնաբերված շենքն Ասլեպիոսի առաջին սրբավայրն էր այս տարածքում, իսկ քահանաներն արդեն հայտնի շինություն ավելի ուշ էին տեղափոխվել: Սա նշանակում է, որ Հունաստանում բժշկության աստծո պաշտամունքը ծագել է ավելի վաղ, քան ենթադրվում էր:
Պատմաբանները ենթադրում են, որ ստորգետնյա սրբարանում հիվանդներին հատուկ նյութեր էին տալիս եւ մեկ գիշեր թողնում սենյակում, որպեսզի Ասկլեպիոս աստվածը երազում գա նրանց մոտ եւ ասի, թե ինչպես կարելի է բուժել իրենց հիվանդությունը:





























