Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ընդհանուր ընդունելության ժամանակ համբուրել է Օսվենցիմը վերապրած կնոջ ձեռքի դաջվածքը:

Լեհաստանի քաղաքացի Լիդիա Մաքսիմովիչը, որը երեք տարեկանում հայրենի Բելառուսից արտաքսվել է Օսվենցիմ, Պապին ցույց է տվել նացիստների կողմից իր ձեռքին դաջված համարը: Ֆրանցիսկոսը խոնարհվել ու համբուրել է այն:

«Մենք միմյանց առաջին հայացքից հասկացանք»,- ասել է կինը Vatican News-ին:

Մաքսիմովիչը մասնակցել է Հոլոքոստի մասին երիտասարդներին տեղեկացնելու միջոցառումներին: Նա երեք տարի է անցկացրել ճամբարի մանկական տարածքում եւ խոշտանգումների է ենթարկվել Յոզեֆ Մենգելեի կողմից, որը հայտնի է որպես «Մահվան հրեշտակ»: Երբ ճամբարն ազատագրել են, նրան վերցրել է լեհական մի ընտանիք: