NEWS.am-ի խմբագրություն զանգահարած բազմաթիվ քաղաքացիներ դժգոհում են, որ մետրոյի սակագնի կրկնակի թանկացման լուրը տարածվելուց հետո, արդեն քանի օր է՝ մետրոպոլիտենի ժետոնի վաճառքի կետերում իրենց երկուսից ավել ժետոն հրաժարվում են վաճառել։ NEWS.am-ի թղթակիցը փորձեց անձամբ ստուգել՝ կա՞ արդյոք նման բան, եւ եթե այո, առավելագույնը մեկ-երկու ժետոն վաճառելու հրահանգն արդյոք «վերեւների՞ց է իջել»։
Իսկապես, երբ մետրոպոլիտենի Գարեգին Նժդեհի կայարանի ժետոն վաճառող աշխատակցուհուն խնդրեցինք 5 ժետոն տալ, նա նախ զարմացավ, ապա ասաց, որ չի կարող։ Երբ հարցրեցինք, թե ինչո՞ւ, նա կրկին խուսափողական պատասխան տվեց, նշելով միայն, որ մեկ հոգուն կարող է առավելագույնը 2 ժետոն վաճառել։ Աշխատակցուհին ավելին խոսել «բարեհաճեց» միայն այն ժամանակ, երբ իմացավ, որ իր հետ լրագրող է խոսում։ «Ինձ ուղղակի հրահանգել են մեկ անձին 2-ից ավելի ժետոն չվաճառել, ես էլ կատարում եմ հրահանգը»,- ասաց նա՝ չցանկանալով ավելին ասել։
«Հրահանգի» էությունը պարզելու համար փորձեցինք կապվել նաեւ Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Նինել Վարդանյանի հետ։ Մամուլի ծառայությունից, սակայն, փոխանցեցին, որ նա տեղում չէ, իսկ երբ խնդրեցինք, որ հարմար պահ գտնելու դեպքում ինքը զանգահարի մեզ, խոստացան այդպես էլ վարվել եւ մեր համարը նրան փոխանցել։ Բայց, ինչպես ասում են, սպասելուց «աչքներս ջուր կտրեց», իսկ Նինել Վարդանյանն այդպես էլ հետ չզանգահարեց։




























