Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը առաջիկայում կայցելի Մոսկվա: Այս մասին մայիսի 26-ին Ազգային ժողովի նիստում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Ռուսաստանի Դաշնությունում բանակցությունների թեմաներից մեկը, նրա խոսքով, կլինի իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին`Հայաստանի Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում:
«Կարծում եմ, որ մենք պետք է որոշ հարցերի պատասխաններ ստանանք: Եւ մենք պետք է շարունակենք խորացնել համագործակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում եւ մեր դաշնակից Ռուսաստանի հետ»,- ասաց Փաշինյանը:
Այս ընթացքում, ինչպես նշեց վարչապետը, ռուսական կողմի միջնորդությամբ անցկացվել են բանակցությունների մի քանի փուլեր:





























