Անհնար է, որ ՀԱՊԿ-ը կամ ՌԴ-ը հրաժարվեն Հայաստանի նկատմամբ իրենց դաշնակցային պարտավորությունները կատարելուց: Այս մասին մայիսի 26-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին:
Պատգամավորը, մասնավորապես, հարցրել է, թե արդյո՞ք դիտարկվում է այսպիսի սցենար, երբ Հայաստանը կորոշի պատժիչ գործողություններ իրականացնել իր տարածք ներխուժած ադրբեջանական զինված ուժերի նկատմամբ, իսկ ՀԱՊԿ-ը եւ Ռուսաստանը կհրաժարվեն աջակցել Երեւանին:
«Ինչպե՞ս է հնարավոր, որ ՀԱՊԿ-ը կամ Ռուսաստանը չկատարեն Հայաստանի նկատմամբ իրենց պարտավորությունները: Սա նշանակում է կազմակերպության ինքնալուծարում: Ռուսաստանի նախագահը հրապարակավ հայտարարել է եւ նաեւ մեզ հետ աշխատանքային քննարկումների ժամանակ ասել, որ Հայաստանի սահմանը «կարմիր գիծ» է Ռուսաստանի Դաշնության համար», - նշել է Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարը, այնուամենայնիվ, ցավով արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է այդ «կարմիր գիծը»: Այնուամենայնիվ, նա անհնար է համարել Ռուսաստանի կողմից իր պայմանագրային պարտավորությունների չկատարումը:
Փաշինյանը հավելել է, որ Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգությունները հավասարազոր են Ռուսաստանի Դաշնության տարածքի նկատմամբ ոտնձգությունների:





























