Մեքսիկացի գիտնականները, անալիզի ենթարկելով հնագույն ԴՆԹ-ն, որոշ մանրամասներ են իմացել մի աղջկա կյանքից, որը հուղարկավորվել է հարուստների գերեզմանոցում 1400 տարի առաջ: Գերեզմանը հայտնաբերվել է տաս տարի առաջ Միչոականում: Ուսումնասիրության մասին մանրամասն տեղեկատվություններ կարելի է գտնել Մեքսիկայի անթրոպոլոգիայի եւ պատմության ազգային ինստիտուտի կայքում, հայտնել է Planet-today-ը:

Արդեն պեղումների ժամանակ հնագետների համար պարզ է դարձել, որ դամբարանում վերնախավի ներկայացուցիչ է: Ընդհանուր առմամբ, ննջեցյալի դիակի հետ միասին հայտնաբերվել է գրեթե 20 հազար արտեֆակտ, որոնց մեծ մասը, պարզվել է, կանացի զարդեր են՝ պատրաստված հազվագյուտ խեցիներից: Դամբարանը գտնվել է գետնի տակ հինգ մետր խորության վրա եւ պաշտպանված է եղել խոշոր քարե սալերով:

Գիտնականներին ընդամենը հինգ տարի առաջ է հաջողվել ԴՆԹ անալիզ անցկացնել եւ իրականացնել ռադիոածխածնային թվագրում: Պարզվել է, որ դամբարանում  ննջում է 20 տարեկանից ոչ մեծ աղջիկ, որը մահացել է մեր թվարկության 7-րդ դարի սկզբին եւ տառապել է տենդից ու թերսնուցումից: Այնուամենայնիվ, գիտնականներին դեռեւս չի հաջողվել պարզել նրա մահվան պատճառը:  

Աղջկա մարմնի մոտ հայտնաբերվել է գրեթե 19 հազար կանացի զարդ՝ հիմնականում ուլունքներ եւ ականջօղեր: Դրանց մեծ մասը պատրաստված է Խաղաղ օվկիանոսում բնակվող հազվագյուտ կակղամորթ խեցիներից: Այն ժամանակ նման զարդերը համարվել են շքեղության իրեր:

Դամբարանում նաեւ հայտնաբերվել են նիզակներ նետելու մեզոամերիկյան հարմարանքներ՝ զարդարված խեցիներով եւ ամազոնիտով: Այս գտածոն, ըստ գիտնականների, մատնանշում է աղջկա ռազմատենչ բնավորությունը, սակայն կարող է նաեւ ցույց տալ, որ վերջինս պատկանել է իշխող տոհմին: