ԱՄՆ-ը Չինաստանի հետ իր տնտեսական եւ առեւտրային հարաբերություններում շարունակում է բախվել «շատ լուրջ խնդիրների», որոնք պահանջում են վարչակազմի լիարժեք ուշադրությունը: Այս մասին Reuters-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Քեթրին Թայը՝ Չինաստանի փոխվարչապետ Լյու Հեի հետ բանակցություններից առաջ, որի ընթացքում նա «մտահոգություն առաջացնող հարցեր» է բարձրացրել։
Չինաստանի առեւտրի նախարարությունը բանակցությունները բնութագրել է որպես «կարծիքների անկեղծ, պրագմատիկ եւ կառուցողական փոխանակում»: «Երկու կողմերն էլ շատ կարեւոր են համարում երկկողմ առեւտրի զարգացումը: (Երկու կողմերը) մտքեր փոխանակեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ եւ պայմանավորվեցին կապ պահպանել»:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունից հետո սա աշխարհի խոշորագույն տնտեսությունների առեւտրի ղեկավարների առաջին պաշտոնական հանդիպումն էր (առցանց ձեւաչափով):
«Չինաստանի հետ կապված ընդհանուր խնդիրները նույնպես պահպանվում են, եւ դրանք շատ մեծ են»,- ասել է Թայը: Նրա խոսքով, ամերիկա-չինական առեւտրային գործարքի առաջին փուլը պետք է դիտարկել «ԱՄՆ-Չինաստան ընդհանուր առեւտրատնտեսական հարաբերությունների համատեքստում, որոնք շատ-շատ դժվար են: Եւ համընդհանուր ուշադրություն են պահանջում»:
Երկու երկրները առեւտրային համաձայնագիրը ստորագրել են 2020-ի հունվարին՝ COVID-19 համավարակի մեկնարկից անմիջապես առաջ: Համաձայնագիրը Չինաստանին կոչ է անում 2020-ին եւ 2021-ին ԱՄՆ-ից գյուղատնտեսական, արդյունաբերական ապրանքների, էներգիայի եւ ծառայությունների գնումները ավելացնել 200 միլիարդ դոլարով՝ 2017-ի բազային մակարդակի համեմատ:





























