Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան, որը գործում է Եմենում, հայտարարել է Կարմիր ծովի մուտքի մոտ գտնվող ռազմավարական կղզում իր ներկայության մասին՝ հութիների կողմից ծովային առեւտրի համար ենթադրյալ սպառնալիքին դիմակայելու համար, հաղորդում է Reuters-ը:
Հայտարարությունը արվել է ի պատասխան Եմենի պաշտոնյաներին հղումով Associated Press-ի հաղորդագրության, որ ԱՄԷ-ն ավիաբազա է կառուցում նաեւ Մայուն անունով հայտնի Պերիմ կղզում, որը գտնվում է կենսական նշանակություն ունեցող Բաբ էլ Մանդաբ նեղուցում: AP-ն հայտնել է, որ ստացել է արբանյակային պատկերներ, որտեղ երեւում է Պերիմի վրա 1,85 կմ թռիչքուղին՝ երեք անգարների հետ միասին:
«Ներկայումս Մայուն կղզում եղած ամբողջ սարքավորումը գտնվում է կոալիցիայի հրամանատարության վերահսկողության տակ եւ այնտեղ տեղակայված է հութի զինյալներին դիմակայելու, ծովային նավագնացության անվտանգությունն ապահովելու եւ Արեւմտյան ափի ուժերին աջակցելու համար»,- ասվում է Սաուդյան Արաբիայի պետական լրատվական SPA գործակալության հայտարարության մեջ, որը հղում է անում կոալիցիայի անանուն պաշտոնյային:
Պաշտոնյան «անհիմն» է անվանել հաղորդումներն այն մասին, որ Էմիրությունների ուժերը ներկա են եղել Պերիմ եւ Սոկոտրա կղզիներում, հայտարարելով, որ ԱՄԷ-ի ներկայիս ջանքերը ուղղված են մայրաքաղաք Մարիբ քաղաքում կոալիցիայի գործողություններին օդային աջակցություն տրամադրելուն, որը հութի ուժերը փորձում են գրավել:
ԱՄԷ-ի իշխանությունները չեն մեկնաբանել AP-ի հաղորդագրությունը: Պարսից ծոցի պետությունը իր զորքերի մեծ մասը 2019 թվականին դուրս է բերել Եմենից:
Բաբ էլ Մանդաբ նեղուցը, որտեղ Կարմիր ծովը հանդիպում է Արաբական ծովում գտնվող Ադենի ծոցին, ունի ընդամենը 20 կմ լայնություն, ինչը հարյուրավոր նավերի հավանական դյուրին թիրախ է դարձնում:





























