Տիգրան Եղոյանը մեկն է այն ֆերմերներից, որոնց անասուններն արածում են Վարդենիսի այն արոտավայրում են, որի ուղղությամբ հակառակորդն առաջացել է մայիսի 12–ին ՀՀ պետական սահմանը հատելուց հետո։
«Ես հենց նոր գալիս եմ Վարդենիսի սարից, որտեղ իմ ֆերման է։ Մեր աշխատողները հիմա այդ արոտավայրում են, անասուններին են պահում։ Բայց ժողովրդից շատերը ստիպված են եղել իջնել սարից, որովհետեւ անվտանգ չէ, ադրբեջանական զորքը 1 կմ հեռավորության վրա է։ Զենքն իմ ձեռքին է, ես գյուղացիներին էլ կոչ եմ արել, որ մնան։ Ես երբեք հետ չեմ իջնելու, ես մնում եմ, գյուղացիներն էլ հետեւելով իմ օրինակին, մնում են»,– NEWS.am–ի հետ զրույցում ասաց Տիգրան Եղոյանը։
Ֆերմերի խոսքով՝ եթե գյուղացին սարերից իջնի, ուրեմն նա իր անասունները պետք է սպանդի ենթարկի. «Որովհետեւ ամռան տապին Եղեգնաձորի տարածաշրջանում հազար մետր բարձրության վրա բացառվում է, որ անասունը դիմանա։ Ծանր իրավիճակ է, գյուղացին անելանելի վիճակում է հայտնվել, գյուղացին անտեր է մնացել»։
Տիգրան Եղոյանը հիշեցրեց, որ ՀԷԿ–երի դեմ պայքարի տարիներին ինքը զգուշացնում էր, որ սարերը դատարկվում են, գյուղերը չորանում, սակայն ոչ մի քայլ այդպես էլ չձեռնարկվեց։
«Այսօր թուրքը գալիս է, որովհետեւ սարը դատարկ է»,– ասաց նա։
Նախորդ շաբաթ Տիգրան Եղոյանին ոստիկանները բերման էին ենթարկել, իր խոսքով՝ հրահանգն իջեցվել էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից։ Տիգրանաշենում անասուն պահելու համար բարենպաստ պայմաններ կան, ուստի ֆերմերը բնակարան է գնել գյուղում, որ հաստատվի այնտեղ։
«Էդ կապիտուլյանտը որոշել է հանձնել Տիգրանաշենը, ասում են, որ պետք է դուրս գանք այդ գյուղից։ Ես ասացի, որ գյուղացիների հետ մեկտեղ որսորդական հրացանով պատրաստ ենք դիմադրել հակառակորդին, բայց կապիտուլյանտը հրաման էր արձակել, որ ինձ ձերբակալեն։ Գյուղից արդեն մի քանի ընտանիք ընդմիշտ դուրս են եկել, եթե առաջիկա 10–15 օրերին կառավարությունը միջոցներ չձեռնարկի, գյուղում մարդ չի մնա։ Ես այդ տունը գնել եմ սփյուռքահայերի հետ մեկտեղ, որ վերաբնակեցնենք, բայց չեն գրանցում, եթե չեն ուզում գյուղը հանձնել, ինչո՞ւ չեն գրանցում։ Խոսել եմ Արարատի մարզպետի հետ, ասում է՝ չգիտեմ պատճառները»,– պատմեց ֆերմերը։
Տիգրան Եղոյանը պնդում է՝ Տիգրանաշենը հայկական բնակավայր է։
«Դիմել եմ ընդդիմադիր որոշ ուժերի. մի խաչքար ենք կառուցել, պատրաստվում ենք այն մոտ օրերս տեղափոխել Տիգրանաշեն, որ տեղադրենք։ Ես պատրաստ եմ Տիգրանաշենում բոլորին ցույց տալ հին հայկական հեթանոսական տաճարի ավերակները, որ սա հայկական հող է, այնպես որ երբ այդ անբարայոկանն ու իր թիմի անդամները հայտարարում են, որ անկլավային տարածք է եւ պետք է հանձնել, գլուխները քարով են տալիս, երեսներն էլ՝ պատով։»
Ֆերմերի խոսքով՝ Տիգրանաշենում 35 տնտեսություն կա, նրանք հուսահատ ու ճամպրուկային տրամադրության մեջ են։
«Աստված չանի Տիգրանաշենը հանձնեն, ես կլինեմ առաջին մարդը, որը մինչեւ վերջ կպայքարի, երբեք չի հանձնի ու հարկ եղած դեպքում կզոհվի այդ տարածքի համար», ասաց Տիգրան Եղոյանը։





























