Շվեդիան հունիսի 1-ից թուլացնելու է կորոնավիրուսի որոշ սահմանափակումներ, քանի որ վերջին շաբաթների ընթացքում վարակի նոր դեպքերի թիվը կտրուկ կրճատվել է: «Վերջի սկիզբը երեւում է», - ասել է վարչապետ Ստեֆան Լյովենը, հաղորդել է Reuters-ը:

Սահմանափակումների հայտարարված թուլացումը ներառում է ավելի երկար աշխատանքային ժամեր ռեստորանների եւ սրճարանների համար, ինչպես նաեւ ավելի շատ հանդիսատեսներ ու այցելուներ սպորտային միջոցառումների ժամանակ, թանգարաններում եւ զվարճանքի այգիներում:

«Այժմ գրեթե ամբողջ Շվեդիայում վարակի տարածումը կտրուկ նվազել է», - ասել է Շվեդիայի առողջապահական գործակալության ղեկավար Յոհան Կառլսոնը: «Վերջին շաբաթում գրանցվել է 30-40 տոկոսով անկում: Սա շատ մոտ է մեկ ամիս առաջ մեր պատկերացրած ամենալավատեսական սցենարին», - ասել է նա:

Մնացած կանոններն ու առաջարկությունները պարզեցվելու են հինգ փուլով եւ, վերջապես, չեղարկվելու են մինչեւ սեպտեմբեր:

Վերջին 24 ժամվա ընթացքում Շվեդիայում արձանագրել է COVID-19-ով վարակվելու 1336 նոր դեպք, ինչը ամենացածր ցուցանիշն է վերջին յոթ ամիսների ընթացքում:

Երկրում կորոնավիրուսի դեմ իրականացվել է 4,9 միլիոն պատվաստում, ընդ որում չափահաս բնակչության 44,3 տոկոսը մեկ դեղաչափ է ստացել, իսկ մոտավորապես 15,7 տոկոսը ամբողջությամբ պատվաստվել է: