Ժամանակակից Սուդանի տարածքում, Նեղոսի հովտում 1960-ական թվականներին հայտնաբերված 61 մարդկային կմախքները երկար ժամանակ համարվել են մարդկանց միջեւ կազմակերպված պատերազմների ամենավաղ վկայությունը։ Ջեբել Սահաբում հայտնաբերված՝ ավելի քան 13 000 տարեկան կմախքների վրա կան տրավմաներ, որոնք առաջացել են կոշտ եւ ինտենսիվ բռնության հետեւանքով՝ գեղարդներից եւ նիզակներից։
Սակայն Scientific Reports ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը, որը կրկնակի հետազոտել է կմախքները՝ նորագույն գիտական մեթոդների օգտագործմամբ, ենթադրում է, որ այդ մարդիկ չեն սպանվել միաժամանակյա կոտորածից, ինչպես համարվում էր մինչ այդ։ Ամենայն հավանականությամբ, նրանք սպանվել են բռնությունների սպորադիկ եւ կրկնվող գործողություններից, որոնք տեղի են ունեցել մի քանի տարիների ընթացքում եւ, հավանաբար, առաջ են եկել լուրջ կլիմայական եւ էկոլոգիական փոփոխություններից, տեղեկացնում է CNN-ը։
Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի հետազոտողները կմախքների վրա հայտնաբերել են սպիացած տրավմաներ, որոնք արձանագրված չեն եղել նախորդ հետազոտություններում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այդ մարդկանց վրա կատարվել են մի քանի հարձակումներ, նրանց պաշարել են, տեղի են ունեցել բախումներ։
«Որսորդների, ձկնորսների եւ հավաքորդների այս ամբողջությունը թիրախ է դարձել բռնության համար»,- ասել է Գիտական հետազոտությունների ֆրանսիական ազգային կենտրոնի (CNRS) հետազոտող Իզաբել Քրեւեքյորը։
«Կանանց մոտ ավելի շատ նախաբազկի կոտրվածքներ էին, տղամարդկանց մոտ՝ դաստակի։ Ձեռնամարտում կանայք կարող են բնազդաբար փորձել պաշտպանվել (ձեռքերով), այն դեպքում, երբ տղամարդիկ կռվել են ձեռքերով»։ Երեխաներն ավելի հաճախ ունեին գլխի վնասվածքներ բութ առարկայից։
Նրա խոսքով՝ վերքերի բնույթը (նետերից, գեղարդներից) վկայում է այն մասին, որ բռնությունն ընտանեկան կամ նույն հանրույթի անդամների միջեւ չի եղել։
Հետազոտողները հայտնաբերել են ավելի քան 100 նոր վերքեր կմախքների վրա՝ ինչպես սպիացած, այնպես էլ չսպիացած, իսկ դրանց մի մասի ոսկրերում մնացել են քարե զենքի բեկորներ։
Հետազոտողները նաեւ կարողացել են ճիշտ թվագրել կմախքները՝ ոչ պակաս, քան 13 400 տարեկան, ռադիոածխաջրածնային թվագրման օգնությամբ։
Նրանք կարծում են, որ կոնֆլիկտն առաջացել է այն պատճառով, որ այդ շրջանում ապրող թշնամական խմբերը պայքարել են սննդի եւ ռեսուրսների համար, որոնք սահմանափակ էին կլիմայի կտրուկ փոփոխությունների պատճառով։ Այդ փոփոխությունները տեղի են ունեցել 11 000 եւ 20 000 տարի առաջ՝ այն շրջանի վերջում, որը հայտնի է որպես վերջին սառցե առավելագույն, երբ սառցե վահանները ծածկեցին Հյուսիսային կիսագնդի մեծ մասը՝ խախտելով Երկրի կլիման։
Նեղոսի հովիտը կարող էր ապաստարան հանդիսանալ մարդկանց տարբեր խմբերի համար, որոնք երբեւէ ապրել են այդ ընդարձակ տարածքում, քանի որ խիստ չորային կլիման նրանց մղում էր դեպի գետը, որտեղ ավելի հեշտ կլիներ գտնել որսի կենդանիներ եւ զբաղվել ձկնորսությամբ։





























