Նիկոլ Փաշինյանը որպես քաղաքական գործիչ եւ հայկական պետությունն անհամատեղելի են: Այս մասին մայիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Հայաստանի իշխանությունները, նրա խոսքով, շարունակում են իրականացնել թուրքական ծրագրեր` առաջ քաշելով կեղծ օրակարգ, որ եթե մենք զիջումների գնանք, ապա ամեն ինչ իբր լավ կլինի:

Նա նշեց, որ հայ ժողովուրդը, ըստ էության, ստիպված է դիմակայել եւ արտաքին, եւ ներքին սպառնալիքներին, քանի որ իշխանությունները գործում են թշնամու տրամաբանության շրջանակներում:

«Պետության ամենակարեւոր գործառույթը տարածքային ամբողջականության պաշտպանությունն է, բայց ներկայիս իշխանությունները ոչ միայն դա չեն անում, այլեւ հպարտորեն շարունակում են կառչել իրենց աթոռներից:

Եթե ներկայիս ռեժիմը շարունակի ղեկավարել Հայաստանը, մեզ սպառնում է պետականության կորուստ, չնայած նախկինում մենք կայուն պետություն էինք՝ մարտունակ բանակով: Մարդիկ պետք է հասկանան, որ աջակցելով Փաշինյանին՝ իրենք աջակցում են ադրբեջանամետ եւ թուրքամետ քաղաքականությանը: Նրան ձայն տալով՝ քվեարկելու են Ալիեւի եւ Էրդողանի օգտին»,- հավելեց Մելքոնյանը:

Նա անընդունելի համարեց, այսպես կոչված, սահմանազատման փորձը, որի մասին այսօր խոսվում է, այդ թվում`ԽՍՀՄ ժամանակների քարտեզների հիման վրա:

«Սահմանազատումը երկար եւ բարդ գործընթաց է, որն արվում է հաշվի առնելով աշխարհագրական, պատմամշակութային, տնտեսական, բնապահպանական եւ այլ առանձնահատկություններ: Իսկ հիմա ամեն ինչ տեղի է ունենում արագ եւ ադրբեջանցիների ցանկությամբ»,- եզրափակեց թուրքագետը: