«Հյուսիս-Հարավ» ճանապարհը նախագծելիս, դեռեւս 2013-ին, Արտաշատ-Եղեգնաձոր հատվածը, Հայաստանի այն ժամանակվա ոչ կապիտուլյանտ իշխանությունը նախագծել է հետեւյալ կերպ. ոչ թե մեր իմացած ճանապարհով է անցնում, այսինքն Տիգրանաշենով, այլ մտնում է Վեդի, Ուրցաձորով դուրս է գալիս Զանգակատան տակ: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Աջափնյակ վարչական շրջանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համակիրների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Դրա արդյունքում նախագիծը 70-100 մլն դոլարով թանկացել է: Ինչի՞ եք բարդացնում, այ հայրենասեր բարեկամներ: Այդպես են արել, որպեսզի Տիգրանաշենով չանցնի:

Մենք ասում ենք՝ մեզ մի վախեցրեք էե թեմայով: Իրենք ժամանակին ընդունել են, որ կա անկլավների հարց: Մենք էլ ենք ասում: Միջազգային պրակտիկայում եղել է լուծում, որ ով ինչ տարածքի տիրապետում է, մնում է իրեն եւ փոխադարձաբար լուծվում է: Ես պատահական չեմ ասում, որ Խորհրդային Հայաստանից ինչքան տարածք կա Ադրբեջանի տիրապետության տակ, մոտավորապես այդքան էլ կա Հայաստանի տիրապետության տակ»,-ասաց նա:

Փաշինյանը նաեւ ընդգծեց, որ մեր խնդիրն այն է եղել, որ հանրությանը չեն ներկայացրել իրականությունը. «Մեր հանրությունը չի իմացել, որ 7 շրջանները պետք է տանք, բայց բանակցություններում մի հայ ներկայացուցիչ չի եղել, որ դա նույնիսկ վիճարկման առարկա դարձնի կես բերան: Չի եղել սկսած Լեւոն Տեր-Պետրոսյանից մինչեւ Սերժ Սարգսյան:

Ավելին, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ինքն ասել է՝ 7 շրջանները տալիս ենք, Ադրբեջանն ասել է՝ ոչ: Սերժ Սարգսյանն ասում է, որ ամեն անգամ Ադրբեջանը նոր պահանջ է առաջադրում: Բա եթե 7 շրջանը տալիս ենք, ի՞նչ նոր պահանջ է առաջադրում: Եկեք տրամաբանենք, պետք է պահանջի Ղարաբաղը, Մեղրին, անկլավի հարց պետք է բարձրացնեն»,-ասաց նա: