Ստեղծված իրավիճակը թույլ չի տալիս Հայաստանում ընտրություններ անցկացնել: Այս մասին «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության եւ «Ժողովրդի ձայն» փորձագիտական ակումբի կազմակերպած երեւանյան քննարկման ժամանակ հայտարարեց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը:
Նա նշեց, որ ընտրությունները պայքար են քաղաքական ուժերի միջեւ, բայց դա չի կարող դրական ազդեցություն ունենալ ազգային համախմբման վրա:
Կուսակցության ղեկավարը բոլորին կոչ արեց համախմբվել իսկապես ազգային գաղափարների շուրջ:
«Այսօր Հայաստանը գտնվում է շատ լուրջ ճգնաժամի ճիրաններում, որը կապված է ինչպես ներքաղաքական օրակարգի, այնպես էլ տարածաշրջանում եւ ՀՀ սահմաններին ներկա իրավիճակի հետ: Բացի այդ, քաղաքական ուժերը չափազանց քիչ ժամանակ ունեն իրենց ծրագրերը պատշաճ ներկայացնելու համար: Ցանկացած քաղաքական ուժի նպատակը իշխանության գալն է, բայց քանի որ երկիրը գտնվում է բացառիկ իրավիճակում, իսկ ժամանակը քիչ է, մեր կուսակցությունը որոշել է չմասնակցել ընտրություններին՝ վստահ լինելով, որ հասարակությունը ճիշտ որոշում կկայացնի»,- ընդգծեց Արման Ղուկասյանը:
Նրա խոսքով՝ խորհրդարանում հայտնվելն ինքնանպատակ չէ, ամենակարեւորը՝ երկիրը դեպի խաղաղ ու կայուն կյանք տանելն է: Կուսակցությունը ակտիվորեն պատրաստվում է հաջորդ քաղաքական գործընթացներին:
Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 20-ին նշանակված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:





























