Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ադրբեջանի Հանրապետության Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձում բարձր է գնահատել երկու հարեւանների սերտ հարաբերությունները՝ համոզմունք հայտնելով, որ դրանք կնպաստեն տարբեր ոլորտներում կապերի զարգացմանը, հայտնել է Tasnim-ը:

Ադրբեջանի նախագահին հղած ուղերձում Ռոհանին շնորհավորել է «բարեկամի եւ եղբոր» կառավարությանը եւ Ադրբեջանի ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ:

«Որպես երկու բարեկամ հարեւաններ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը, անկախություն ձեռք բերելուց ի վեր, ցույց են տվել բարձր մակարդակի եղբայրական հարաբերություններ եւ բարիդրացիություն՝ ապավինելով պատմական, մշակութային եւ կրոնական կապերին», - հավելել է Իրանի նախագահը:

Նախագահ Ռոհանին նաեւ համոզմունք է հայտնել, որ երկու հարեւանները կամրապնդեն համագործակցությունը, կզարգացնեն քաղաքական, տնտեսական եւ մշակութային կապերը եւ կամրապնդեն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը` հիմնվելով իրենց հարուստ մշակույթի, ընդհանուր պատմական ֆոնի եւ փոխըմբռնման վրա:

Նա նաեւ առողջություն, հաջողություն եւ բարեկեցություն է մաղթել Ադրբեջանի ղեկավարին եւ ժողովրդին: