Դամասկոսը հուսով է, որ ԲՐԻՔՍ-ը կկարողանա Արեւմուտքին այլընտրանքային շուկա ստեղծել: Այս մասին հայտարարել է Սիրիայի փոխարտգործնախարար Բաշար Ջաֆարին, գրում է ՏԱՍՍ-ը:

«ԱՄՆ-ը եւ Արեւմուտքն արդեն մոտեցել են իրենց հնարավորությունների սահմանին: Մենք փորձում ենք հույսներս մեզ վրա դնել: Իհարկե, մեզ պետք է մեր դաշնակիցների եւ բարեկամների աջակցությունը: Պատժամիջոցների հարցը միայն սիրիական չէ: ԲՐԻՔՍ-ի հիմնական ուղղությունը Արեւմուտքին այլընտրանքային շուկա ստեղծելն է»,- ասել է նա:

Ջաֆարին հայտարարել է, որ քանի դեռ Արեւմուտքը վերահսկում է միջազգային ֆինանսական հոսքերը, «որեւէ արդար տնտեսական համակարգ չի լինի»: Նրա խոսքով՝ Արեւմուտքն այժմ փորձում է նոր տերմինաբանություն օգտագործել՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանվածի փոխարեն:

«1945 թվականին ընդունված Կանոնադրությունը հաստատում է ՄԱԿ անդամ պետությունների ինքնիշխանությունը: Այժմ Արեւմուտքը ցանկանում է «ինքնիշխանություն» տերմինը փոխարինել այլ բառերով, «հարաբերական ինքնիշխանություն» տերմինով, նրանք չեն ճանաչում բացարձակ ինքնիշխանությունը: Սա նշանակում է նոր գաղութային դարաշրջան՝ տնտեսական, քաղաքական, ռազմական»,- ասել է Սիրիայի ԱԳՆ փոխնախարարը: