Միացյալ Նահանգներն անհանգստացած է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջազգային սահմանին վերջին իրադարձություններով, այդ թվում` ադրբեջանական զորքերի կողմից մի քանի հայ զինվորների ձերբակալմամբ: Այս մասին Բաքվում ԱՄՆ դեսպանությունը հաղորդել է իր պաշտոնական կայքում, ինչպես նաեւ՝ Twitter-ում:

«ԱՄՆ-ն անհանգստացած է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին վերջին իրադարձություններով, այդ թվում` ադրբեջանցի զինծառայողների կողմից մի քանի հայ զինծառայողների ձերբակալմամբ: Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում խաղաղ ճանապարհով կարգավորել այս միջադեպը: Մենք Ադրբեջանին կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին վերատեղակայել իր զորքերը այն դիրքերում, որ նրանք զբաղեցրել են մայիսի 11-ին, ինչպես նաեւ հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բանակցությունների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման հասնելու համար»,- ասվում է դեսպանության պաշտոնական կայքում: