Գրեթե վեցամսյա ընդմիջումից հետո Չեխիայի Հանրապետությունում երկուշաբթի օրերից ռեստորանները, սրճարանները, բարերը եւ հանրային սննդի այլ հաստատություններ սկսում են հյուրերին սպասարկել հյուրերի համար նախատեսված սրահներում եւ դրա համար հարմարեցված ներքին այլ տարածքներում: Այս մասին լրագրողներին հայտնել է հանրապետության առողջապահության նախարար Ադամ Վոյտեխը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Երկուշաբթի օրվանից սկսած հանրապետությունում կորոնավիրուսի պատճառով սոցիալական սահմանափակումների զգալի մեղմացում կլինի: Ռեստորանները կբացվեն, սակայն` հստակ կանոնների պահպանմամբ»,- ասել է նա՝ նշելով, որ այս որոշումը կայացրել է հանրապետության կառավարությունը:

Ռեստորանի սեղաններին չպետք է լինի ավելի քան չորս հյուր: Բացառություն արվել է միեւնույն ընտանիքի անդամների համար, ովքեր միասին են ապրում, որքվեր կարող են ավելի շատ լինել:

Հանրային սննդի հաստատություններ այցելելու պայմանը կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի վկայականն է կամ նախկինում COVID-19 տանելու փասըի հաստատումը: Սա չի տարածվում այն ​​քաղաքացիների վրա, ովքեր անցել են պատվաստումների ամբողջական ցիկլը: Նրանց անհրաժեշտ է, անհրաժեշտության դեպքում, պատվաստում ստանալու վերաբերյալ փաստաթուղթ ներկայացնել: Ռեստորանների եւ սրճարանների դահլիճներում դեռ արգելված են պարերը, երգիչների եւ երաժիշտների կատարումները:

Չեխիայում դիսկոտեկներն ու երաժշտական ​​ակումբները եւս կարող են բացվել երկուշաբթի օրվանից, բայց այնտեղ նույնպես ժամանակավորապես արգելվում են պարերը, երգելը եւ կենդանի երաժշտությունը: Այցելուները պետք է կորոնավիրուսի պատվաստանյութ ստանալու, թեստի բացասական արդյունքի կամ նախորդ հիվանդության հաստատման վկայագիր ունենան: Նրանցից պահանջվում է բժշկական դիմակներ կրել եւ պահպանել սոցիալական հեռավորությունը:

Լողավազանները, սաունաները եւ առողջարանական կենտրոնները նույնպես կբացվեն հանրապետությունում՝ այցելուներին հնարավորություն տալով ջրային բուժումներ ստանալ: Սակայն նրանք դեռ կարող են ընդունել ներքին կանոնակարգով նախատեսված հյուրերի թվի կեսից ոչ ավելին:

Չեխիայում առկա սոցիալական սահմանափակումների մեղմացումը, ինչպես ընդգծեց Առողջապահության նախարարության ղեկավարը, տեղի է ունենում համաճարակաբանական իրավիճակի բարելավման ֆոնին: Մինչդեռ, ըստ Pravo թերթի, հանրապետությանը սպառնում է կորոնավիրուսի հնդկական շտամի տարածումը: Տագնապալի իրավիճակ է ստեղծվում` Շումպերկ (հանրապետության հյուսիս-արեւելք), Չեսկա-Լիպա (Չեխիայի հյուսիս) եւ Չեսկե-Կրումլով (Հարավային Չեխիա) քաղաքների շրջաններում կորոնավիրուսով վարակված մարդկանց թվի աճով:

Հանրապետությունում, որի բնակչությունը 10.702 միլիոն բնակիչ է, համավարակի ընթացքում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմել է 1 661 159 մարդ, որից բուժվել է 1 617 517-ը, մահացել է 30 104 մարդ: