Քեոփսի բուրգի կառուցման գաղտնիքը կարող է վերջնականապես բացահայտվել Սուրբ գրքում հայտնաբերված տեղեկատվության շնորհիվ: Խոսքը, ինչպես գրում է tajny.ru կայքը, Հրեաստանի Մեծ Հերովդես թագավորի կողմից Երկրորդ տաճարի կառուցման բիբլիական վկայության մասին է:
Գիզայի Մեծ բուրգի կառուցումը բացատրող բազմաթիվ վարկածներ կան. դրանց մեջ կան նույնիսկ այնպիսի անհավատալի բացատրություններ, ինչպիսիք են հսկայական բուրգի կառուցումն օտար ուժերի կողմից: Առեղծվածի բանալին հայտնաբերել են Կալիֆորնիայում (ԱՄՆ) Շաստայի ասպիրանտուրայի եւ Աստվածաշնչյան քոլեջի մասնագետները. Այն, ըստ գիտնականների, հայտնաբերվել է քրիստոնյաների Սուրբ գրքում: Քեոփսի բուրգի կառուցման մեջ օգտագործված տեխնոլոգիաները կարող էին կիրառվել նաեւ Երկրորդ տաճարի ստեղծման ժամանակ:
«Քարերը, որոնցից կառուցվել էր Երկրորդ տաճարը, նախ ուղղվում էին փորագրիչների կողմից: Ընթացքում իրականացվում էր քարե մակերեսի փորումը՝ մինչեւ հարթ վիճակի հասցնելը: Դրանից հետո հողում նեղ եւ երկար խրամատներ էին ստեղծվում, որոնց շնորհիվ շինարարները կարողանում էին փայտե գերաններ տեղադրել ուղիղ անկյան տակ: Վերջիններն այնուհետեւ մեխում էին գետնի մեջ եւ վրան ջուր էին լցնում»,- բացատրեց ինժեներ-հնէաբան Լին Ռիթմեյերը:
Սուրբ գրքում, ինչպես հավելում են գիտնականները, կա քարերի չափի եւ դրանց տեղափոխման եղանակի նկարագրությունը: «Շինարարական բլոկները պարաններով քաշում էին եզները, որոնք փաթաթված էին շինհրապարակում ցցերի շուրջ: Մեծ բուրգի կառուցման համար 2.3 միլիոն հսկայական քար է անհրաժեշտ եղել` 6 միլիոն տոննա ընդհանուր զանգվածով»,- հավելել է պրոֆեսոր Թոմ Մեյերը:





























