Ֆրանսիական Բավե քաղաքում նոր կանգառային համալիրի կառուցման նախապատրաստական աշխատանքների ժամանակ աշխատողները պատահաբար անսովոր գտածո են հայտնաբերել: Այդ վայր անմիջապես կանչվել էին Նոր դեպարտամենտի հնագետները: Կրաքարե բլոկների տակ նրանք Հռոմեական կայսրության փողային գործիք էին գտել՝ փաթաթված կաշվե պատյանի մեջ: Հնագիտական ծառայության ղեկավար Պատրիս Էրբենը գտածոյի մասին մանրամասն պատմել է Nord info պորտալին:
Հին հռոմեական տուբան հայտնաբերվել է քանդված, կոկիկ կերպով պատյանի մեջ փաթեթավորված տեսքով: Հավանաբար, դրա տերը ժամանակ ուներ գործիքի անվտանգության մասին հոգ տանելու համար: Գուցե նա հույս ուներ վերադառնալ դրա հետեւից: Եվ չնայած պատյանը քայքայվել էր, փողային գործիքը գտնվում է գերազանց վիճակում: Դրա երկարությունը 2.7 մետր է: Հայտնաբերված մյուս նմանատիպ փողերը սովորաբար 1.3-ից 1.8 մետր երկարություն են ունեցել:
Տուբայի հետ միասին հնագետները նաեւ մի քանի պղնձե փող են հայտնաբերել: Գտածոն թաքնված էր կրաքարի երեք բլոկի տակ՝ հին հռոմեական ֆորումի տեղում: Այն ժամանակ, երբ երաժիշտը որոշել էր ընտրել այս վայրը տուբանփրկելու համար, ֆորումն արդեն լքվել էր, եւ այն միայն քարե բլոկների աղբյուրի դեր էր խաղում: Նախնական թվագրումը ցույց է տվել, որ գործիքը մոտ 1700 տարեկան է:
Այժմ պատմաբանները փորձում են պարզել, թե տվյալ տարածքում տվյալ պահին ինչ իրադարձությունները կարող էին երաժշտին ստիպել բաժանվել իր գործիքից: Տուբաները, ինչպես նաեւ նմանատիպ փողային գործիքները, Հին Հռոմում հիմնականում օգտագործում էին ռազմական գործողություններում՝ հարձակման, նահանջի կամ ռազմական ճամբարում ռեժիմի պահպանման համար:





























