2006թ. Աթենքում հինավուրց շենքի հատակի տակ հայտնաբերվել է կավե սափոր՝ հավի ոսկորներով, այն ծածկված էր գրառումներով: Յեյլի համալսարանից հնագետ Ջեսիկա Լամոնտը մանրամասն ուսումնասիրել է խորհրդավոր արտեֆակտը, հայտնում է Planet-today-ը՝ հղում անելով Live Science-ին:

Սափորի վրա գրված էր 55 մարդու անուն: Այժմ գրառումները գրեթե չեն երեւում, բայց կարելի է ենթադրել, որ դրանք արել են երկու տարբեր մարդիկ: Սափորի մեջ հավի ոսկորներ կային՝ թաթեր եւ գլուխներ: Այս ամենի մեջ մեծ մեխ էր խրված: Հետազոտողը ենթադրում է, որ, ամենայն հավանականությամբ, սափորը մոտ 2300 տարի առաջ նշանակալի դեր է խաղացել ինչ-որ գիր անելու մեջ:

Գտածոն հայտնաբերվել է զոհաբերական խարույկներից ոչ հեռու, որոնց վրա այրել են կենդանիներին: Սա, հավանաբար, նախատեսված է եղել անեծքին ավելի մեծ ուժ տալու համար: Ենթադրյալ զոհերի անուններից բացի, սափորի վրա հին հունարենով գրաված էր․ «Մենք կապում ենք»: Ջեսիկա Լամոնտը կարծում է, որ այս արտեֆակտը ինչ-որ իրադարձության արդյունք է:

Օրինակ՝ աշխատանքային վեճի, քանի որ սափորը հայտնաբերվել էր հին արհեստավորների կողմից օգտագործված շենքի տակ: Հավանաբար, սպասվել է դատավարություն, քանի որ հիշատակվում են մեծ թվով մարդիկ: Եւ ամբաստանյալը հուսահատորեն ցանկացել է շահել այդ դատը: Հավի գլուխներն ու ոտքերը մեխով ծակելը ցույց է տալիս, որ մարդկանց մարմնի նույն մասերը պետք է տուժեին:

Մեկ այլ վարկած ենթադրում է հակասություն իշխող պաշտոնյաների միջեւ, որոնք այն ժամանակ, Ալեքսանդր Մեծի մահից հետո բաժանել են տեղերը «կերակրատաշտի» մոտ: