Ամեն տարի շոգից մահվան դեպքերի մեկ երրորդից ավելին ուղղակիորեն կապված է գլոբալ տաքացման հետ:
Սակայն գիտնականներն ասում են, որ սա կլիմայի փոփոխության հետեւանքով ընդհանուր կորուստների միայն մի փոքր մասն է՝ ավելի շատ մարդ մահանում է գլոբալ տաքացումից սրված այլ արտակարգ եղանակային պայմաններից, ինչպիսիք են փոթորիկները, ջրհեղեղները եւ երաշտները, իսկ շոգից մահացությունների թիվը կտրուկ կաճի ջերմաստիճանի բարձրացման հետ:
Ըստ Nature Climate Change ամսագրում հրապարակված հետազոտության, տասնյակ գիտնականներ, ովքեր ուսումնասիրել են 1991-2018 թվականներին շոգից մահվան դեպքերը աշխարհի 732 քաղաքներում, հաշվել են, որ դեպքերի 37%-ը կապված է եղել ավելի բարձր ջերմաստիճանի հետ` մարդու պատճառով տաքացման արդյունքում:
Հետազոտության առաջատար հեղինակի խոսքերով, դա տարեկան կազմում է մոտ 9700 մարդ այս քաղաքներից, բայց ամբողջ աշխարհում այս ցուցանիշը շատ ավելի բարձր է:
Կլիմայի փոփոխության հետեւանքով առաջացած շոգից մահերի ամենաբարձր տոկոսը գրանցվել է Հարավային Ամերիկայի քաղաքներում: Գիտնականները հարավային Եվրոպան եւ հարավային Ասիան նշել են որպես կլիմայի փոփոխության հետ կապված շոգից մահերի այլ թեժ կետեր:





























