Հռոմի Ֆրանցիսկոս պապի գլխավորությամբ Վատիկանի պարտեզներում հանդիսավոր արարողությամբ ավարտվեց COVID-19 համաճարակի դադարեցման համար աղոթքի «մարաթոնը», որին մասնակցում էր աշխարհի ավելի քան 30 սրբավայր, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք շարունակում ենք խնդրել Տիրոջից պաշտպանել ամբողջ աշխարհը համավարակից: Եվ որպեսզի բոլորը, առանց բացառության, շուտով հնարավորություն ունենան պաշտպանվել պատվաստանյութի միջոցով»,- հայտարարել է պոնտիֆիկոսը` ավարտելով ակցիան:
Աղոթքի «մարաթոնը» սկսվել էր մայիսի 1-ին Սուրբ Պետրոսի տաճարում, որտեղ հովվապետը հատուկ աղոթքի արարողություն անցկացրեց Ամենասուրբ Աստվածածնի սրբապատկերի առջեւ, որը պաշտվում է 7-րդ դարից ի վեր եւ գտնվում է Վատիկանի բազիլիկի Գրիգորյան մատուռում:
Այս նախաձեռնության գաղափարը եկել է հենց Հռոմի Ֆրանցիսկոս պապից, ով հրավիրել էր Մարիամ Աստվածածնին նվիրված 30 սրբավայրերին միանալ համավարակի դադարեցման համար աղոթքին` մարդկության հույսերը դնելով Մարիամ Աստվածածնի մայրական բարեխոսության վրա:
Ամեն օր մայիսին տեղական ժամանակով ժամը 18.00-ին աղոթքներ էին մատուցվում աշխարհի տարբեր մասերում, այդ թվում` Սուրբ հողում, Իտալիայում, Լեհաստանում, Պորտուգալիայում, Մեքսիկայում, Ուկրաինայում: Ընդ որում, ամեն օր հավատացյալներն աղոթում էին համավարակի ժամանակ տուժած տարբեր մարդկանց համար՝ կորոնավիրուսի զոհերի, նրանց ընտանիքների, հիվանդների եւ աղքատների, ինչպես նաեւ նրանց համար, ով հայտնվել է COVID-19-ի դեմ պայքարի առաջնագծում` բժիշկների, գիտնականների, բժշկական անձնակազմի ներկայացուցիչների, կամավորների:





























