Սուրբ Աթոռը երեքշաբթի հրապարակել է Pascite gregem Dei առաքելական սահմանադրությունը, որը Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ստորագրել էր մայիսի 23-ին, որպեսզի փոխի պատժամիջոցների համակարգը Հռոմեական կաթոլիկ եկեղեցում «ողորմության եւ ուղղման» ոգով»,- հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այս փաստաթուղթը Կանոնական իրավունքի օրենսգրքի VI գրքի լուրջ վերանայում է նախատեսում, որը նվիրված է պատժամիջոցներին եւ պատիժներին, որոնց կարող են ենթարկվել եկեղեցու անդամները Աստծո բոլոր մարդկանց համար պարտադիր վարքի կանոններն ու նորմերը խախտելու համար:
Սահմանադրության մեջ Ֆրանցիսկոս Պապը նշում է, որ Հովհաննես Պողոս Երկրորդ Հռոմի Պապի կողմից 1983 թվականի հունվարին ներդրված պատիժների համակարգը վերանայում է պահանջում, որպեսզի «հովիվները հնարավորություն ունենան այն ժամանակին եւ հովվական ողորմությամբ որպես փրկության եւ շտկման գործիք օգտագործել` վելի լուրջ չարիքից խուսափելու եւ մարդկային թուլության պատճառով գոյացած վերքերը բուժելու համար»: Պոնտիֆիկոսը հիշեցնում է, որ աշխատանքը սկսվել էր դեռ 2007 թվականին Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի կողմից, որը հրամայել էր վերանայել քրեական օրենսդրությունը: VI օրենսգրքի փոփոխություններն ուղարկվել են եպիսկոպոսական բոլոր համաժողովներին, հռոմեական կուրիայի կառույցներին եւ եկեղեցական տարբեր փորձագետներին: Գրքի նոր տեքստի վերջնական, փոփոխված տարբերակը Հռոմի պապ Ֆրանցիսկոսին ներկայացվել էր 2020-ի փետրվարին:
Ներկայացնելով պատիժների համակարգում կատարված փոփոխությունները` պոնտիֆիկոսը նշում է «ողորմության կոնկրետ անհրաժեշտությունը ոչ միայն Եկեղեցու, քրիստոնեական համայնքի եւ հնարավոր զոհերի, այլեւ հանցագործություն կատարածի նկատմամբ եւ ունի ե՛ւ ողորմության կարիք, ե՛ւ եկեղեցու կողմից ուղղվելու կարիք»: Ընդ որում, Հռոմի պապը շեշտում է, որ «կանոնական պատժամիջոցը նաեւ չարի շտկման եւ փրկության գործառույթ ունի եւ ուղղված է առաջին հերթին հավատացյալի բարօրությանը»:
VI գրքի նոր խմբագրությամբ նախատեսված նորամուծությունների շարքում ուշադրություն է հրավիրվում այն փաստի վրա, որ այսուհետ անչափահասների նկատմամբ սեռական հանցագործությունները որպես «հոգեւորականության հատուկ պարտավորությունների դեմ ուղղված հանցագործություններ» չեն դասվի, այլ «մարդկային կյանքի եւ արժանապատվության դեմ ուղղված հանցագործություններ» կհամարվեն: Բացի այդ, փաստաթղթում փոփոխվել են որոշ ձեւակերպումներ, մասնավորապես` պաշտպանության իրավունքի եւ պատժի դադարեցման վերաբերյալ: Փոփոխվել են կարեւոր դրույթները, որոնք կապված են եկեղեցական գույքի կառավարման, ինչպես նաեւ կոռուպցիոն հանցագործությունների հետ:
Կանոնական իրավունքի VI Օրենսգրքի գրքի նոր տեքստն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 8-ին:





























