Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հավանության է արժանացրել COVID-19-ի դեմ Sinovac Biotech չինական պատվաստանյութը՝ արտակարգ իրավիճակներում օգտագործման ցուցակում ընդգրկելու համար, հայտնում է Reuters-ը:

Սա նաեւ թույլ կտա պատվաստանյութը ներառել COVAX-ում՝ հիմնականում աղքատ երկրներին պատվաստանյութերով ապահովելու համաշխարհային ծրագրում։ Այդ երկրները Հնդկաստանի արտահանման կասեցման պատճառով մատակարարման մեծ խնդիրներ ունեն:

Փորձագետների անկախ խումբը հայտնել է, որ Sinovac պատվաստանյութը խորհուրդ է տրվում 18 տարեկանից բարձր տարիքի մեծահասակների համար` 2-4 շաբաթ անց երկրորդ չափաբաժնով:

ԱՀԿ տեխնիկական խորհրդատվական խումբը որոշումը կայացրել է Sinovac պատվաստանյութի անվտանգության եւ արդյունավետության վերաբերյալ վերջին կլինիկական տվյալների, ինչպես նաեւ ընկերության արտադրական պրակտիկայի ուսումնասիրությունից հետո:

Պատվաստանյութի արդյունավետության գնահատման արդյունքները ցույց են տվել, որ այն կանխել է ուսումնասիրված բնակչության սիմպտոմատիկ հիվանդությունը պատվաստվածների 51%-ի մոտ եւ ծանր COVID-19-ը ու հոսպիտալացումը՝ 100%-ի մոտ, տեղեկացրել է ԱՀԿ-ն: