Իտալիայում ազատ է արձակվել Ջովանի Բրուսկան՝ սիցիլիական մաֆիայի նախկին քիլլերը, որը հետագայում սկսել է համագործակցել ոստիկանության հետ՝ «Կոզա Նոստրա»-ի իր ղեկավարների դեմ, գրում է Reuters-ը:
Բրուսկան ռումբ էր պայթեցրել, որի հետեւանքով 1992-ին զոհվել էր դատավոր Ջովանի Ֆալկոնեն, նրա կինը եւ ոստիկանության երեք աշխատակիցներ: Նա ձերբակալվել էր 1996 թվականին եւ ազատ է արձակվել 25 տարվա պատիժ կրելուց հետո, ինչը վիշտ ու զայրույթ է առաջացրել նրա զոհերի հարազատների շրջանում:
Ֆալկոնեի սպանությունը, որին երկու ամիս անց հաջորդեց մաֆիայի դեմ պայքարող դատավոր Պաոլո Բորսելինոյի սպանությունը, կազմակերպված հանցավորության դեմ Իտալիայի երկարատեւ եւ վճռական պայքարի ամենաաղմկոտ դրվագներից մեկն էր:
Բրուսկան խոստովանել է իր դերը ավելի քան 100 սպանությունների մեջ, ներառյալ 14-ամյա Ջուզեպպե Դի Մատեոյի մահը, որին սպանել եւ լուծել էին ծծմբի մեջ, քանի որ նա տեղեկատուի որդի էր:
«Նա արդարադատության համակարգի հետ համագործակցեց միայն օգուտ քաղելու համար, դա անձնական ընտրություն չէր»,- Corriere della Sera օրաթերթին ասել է Ռոզարիա Կոստան՝ դատավոր Ֆալկոնեի տանը ռումբի պայթյունից սպանված ոստիկանի այրին:
Բրուսկան քննիչներին տեղեկություններ է հաղորդել 1980-90-ականներին «Կոզա Նոստրա»-ի մի քանի մահաբեր հարձակումների մասին եւ դատարանում ցուցմունքներ է տվել պայթյունները դադարեցնելու շուրջ իտալացի պաշտոնյաների եւ հանցագործների միջեւ ենթադրյալ բանակցությունների մասին:
Մի քանի անգամ բանտից ժամանակավոր արձակուրդ ստացած Բրուսկան 4 տարով պայմանական վաղաժամկետ ազատ կարձակվի, հայտնում են իտալական լրատվամիջոցները:





























