Հոլանդական Կարիբյան Սենտ Էստատիուս կղզու շաքարի նախկին պլանտացիաներից մեկում 18-րդ դարի գերեզմանոց է հայտնաբերվել: Հնագետները հայտարարել են, որ այնտեղ հավանաբար ստրուկների են թաղել, հայտնում է AP-ն:

Պաշտոնյաները նշել են, որ մինչ այժմ այս տեղում հայտնաբերվել է 48 կմախք, որոնց մեծ մասը՝ տղամարդու, բայց հայտնաբերվել են նաեւ կանայք եւ երեխաներ: Իշխանությունները հայտնել են, որ գերեզմանոցը հայտնաբերվել է, երբ հնագետները ստուգելիս են եղել օդանավակայանն ընդլայնելու համար անհրաժեշտ տարածքը:

«Սկզբնական վերլուծությունը ցույց է տալիս, որ նրանք աֆրիկյան ծագում ունեցող մարդիկ են»,- ասել է Կղզու հնագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդրա Հինթոնը: «Մինչ օրս մենք գտել ենք երկու մարդու ատամների այնպիսի մոդիֆիկացում, որը արեւմտաաֆրիկյան սովորույթ է: Սովորաբար պլանտացիաների տերերը ստրուկներին թույլ չէին տալիս դա անել: Այսպիսով, այդ մարդիկ, ամենայն հավանականությամբ, եղել են առաջին սերնդի ստրուկներ, որոնց ուղարկել են Սենտ Էստատիուս»:

Գերեզմանների մեծ մասում եղել են դագաղների, մեխերի եւ մահացածի հետ թաղված առարկաների մնացորդներ, ինչպես օրինակ՝ մի քանի ամբողջական ծխամորճներ, ուլունքներ եւ կերամիկական ափսեներ:

Անգլիայի թագավոր Գեորգ II-ի պատկերով մետաղադրամը հայտնաբերվել է դագաղի կափարիչի վրա:

Աշխարհի մի քանի համալսարանների փորձագետները կուսումնասիրեն աճյունները՝ հուղարկավորվածների կյանքի մասին ավելին իմանալու համար: