ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքին պատկանող Trump Organization-ը կրկին վաճառքի է հանել Washington Trump International Hotel-ի վարձակալության իրավունքները, հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով աղբյուրները:
2020-ի նոյեմբերին Թրամփի ընկերությունն անորոշ ժամանակով դադարեցրել էր վարձակալության իրավունքները վաճառելու փորձերը` պահանջվող 500 միլիոն դոլարը դրանում ներդնելու ցանկություն հայտնողների լիակատար բացակայության պատճառով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Պարբերականը նշում է, որ հյուրանոցը վերջերս ֆինանսական կորուստներ է ունեցել ինչպես կորոնավիրուսային համավարակի, այնպես էլ այն պատճառով, որ ապրանքանիշը կապվում է նախկին նախագահի անվան հետ, որի քաղաքականությունը շատ հակառակորդներ ուներ: Այդպես, The Washington Post-ը նշում է, որ լիբերալ հասարակության, բիզնեսի շատ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ օտարերկրյա հաճախորդներ գաղափարական պատճառներով հրաժարվում են մնալ վաշինգտոնյան հյուրանոցում, որը կապված է Սպիտակ տան նախկին ղեկավարի անվան հետ:
Ավելի քան 120 տարի առաջ կառուցված Կենտրոնական Վաշինգտոնի բուլվարում գտնվող փոստային բաժանմունքի շենքը 210 միլիոն դոլարով վերածվել էր Trump International Hotel-ին: Շենքը պատկանում է դաշնային կառավարությանը եւ երկարաժամկետ վարձակալության է տրվել Trump Organization-ին, որը պարտավորվել էր տարեկան 3 միլիոն դոլար վճարել առաջիկա 60 տարվա ընթացքում:




























