Երեքշաբթի գրանցվել է Ամազոնի Ռիո Նեգրո վտակի ջրերի առավելագույն բարձր մակարդակը 1902թ. դիտարկումներից սկսած։ Այն հասել է 29,98 մետր նշաձողին, տեղեկացրել է գետի ափին գտնվող Մանաուսայի պրեֆեկտուրան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Անկասկած, սա լուրջ մարտահրավեր է մեզ համար, բայց պլանավորման եւ կազմակերպվածության շնորհիվ մեզ հաջողվում է նվազեցնել հեղեղման հետեւանքները, որն այսօր հասել է պատմական նշաձողի»,- քաղաքապետարանի մամուլի ծառայությունը մեջբերում է քաղաքապետ Դավիթ Ալմեյդայի խոսքերը։
Ինչպես պարզաբանել է քաղաքապետը, վարարման հետեւանքների վերացմամբ, որից տուժել է 24 հազար ընտանիք մեգապոլիսի 15 շրջաններում, զբաղվում են տեղի փրկարարները։ Վերջին 40 օրվա ընթացքում, երբ գետը սկսել է դուրս գալ ափերից, նրանք կառուցել են ավելի քան 9 կիլոմետր կամուրջներ եւ ջրանցումներ։ Մշտապես կատարվում է լճացած ջրի հեռացում միջատների դեմ պայքարի համար, որոնք հանդիսանում են հիվանդություններ փոխանցողներ։ Տուժածներին վճարվում է սուբսիդիա ժամանակավոր կացարան վարձակալելու համար։
Փրկարարների տվյալներով՝ վարարումները վնասել են Ամազոնաս նահանգի 62 մունիցիպալիտետներից 58-ին։ Աղետի գոտում է հայտնվել մոտ 455 հազար մարդ։
Ռիո Նեգրոյի ջրերի առավելագույն նախորդ բարձրացումը՝ 29,97 մետր, գրանցվել էր 2012թ.։ Ռիո Նեգրոյի 11 ուժեղ վարարումներից յոթը տեղի է ունեցել XXI դարում, հիշեցնում է Globo թերթը։





























