Աշխատանքային այցով հունիսի 24-ին ԼՂՀ էր այցելել Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը, ով ԼՂՀ  հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հ. Ղահրամանյանի հետ քննարկել է համագործակցության հիմնական ուղղությունները, անդրադարձել համատեղ վարույթների վարման ընթացքին:

ՏՄՊՊՀ նախագահը պատասխանել է նաեւ մրցակցության ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ հարցերին, եւ կարեւորել է ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովին կից Հասարակական խորհուրդ ստեղծելու անհրաժեշտությունը:

Ա. Շաբոյանի եւ Հ. Ղահրամանյանի կողմից համատեղ անցկացված արտահերթ նիստի ընթացքում քննարկվել են նաեւ դեղատների, առեւտրի կետերի, դիզվառելիքի եւ մի շարք այլ ապրանքային շուկաներին վերաբերող հարցեր:

Նիստի ավարտին, շնորհակալություն հայտնելով Ա. Շաբոյանին, Հ. Ղահրամանյանը նշել է, որ առկա խնդիրների լուծման համար ակնկալում են գործուն օժանդակություն եւ աջակցություն, ինչին ի պատասխան ՏՄՊՊՀ նախագահը նշել է Հանձնաժողովի պատրաստակամության մասին:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին ՀՀ ՏՄՊՊՀ եւ ԼՂՀ  հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր:

Համաձայն հուշագրի, հանձնաժողովները համագործակցելու են մրցակցային քաղաքականության իրականացման բնագավառում փորձի փոխանակման, օրենքների եւ նորմատիվ իրավական այլ ակտերի մշակման, միջազգային կառույցներին անդամակցելու, համատեղ վարույթների իրականացման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրների շուրջ: