Ավելի քան 120 Նոբելյան մրցանակակիր Մեծ յոթնյակի (G7) երկրների գագաթաժողովի նախօրեին հատուկ հռչակագիր է ստորագրել՝ կոչ անելով պետությունների եւ կառավարությունների ղեկավարներին ակտիվացնել կլիմայի փոփոխությունների պայքարին ուղղված ջանքերը, տեղեկացնում է DPA գործակալությունը՝ հղում կատարելով Պոտսդամի կլիմայական փոփոխությունների ուսումնասիրման ինստիտուտին (PIK)։

«Աշխարհը վտանգում է ունենալ կենսոլորտի հեռուն գնացող անշրջելի փոփոխություններ»,- նշվում է հռչակագրում։ Ընդ որում՝ նշվում է, որ Նոբելյան դափնեկիրները կոչ են անում պետությունների եւ կառավարությունների ղեկավարներին որքան հնարավոր է շուտ ընդունել մինչեւ 2030թ. ջերմոցային գազերի արտանետման կրկնակի կրճատմանն ուղղված միջոցներ։ «Ժամանակն անցնում է, որի ընթացքում կարելի է կանխել անշրջելի փոփոխությունները»,- ընդգծվում է փաստաթղթում։

Ապրիլի վերջին Նոբելյան դափնեկիրները եւ գիտության, տնտեսության, քաղաքականության ու մշակույթի այլ գործիչներ գաղափարներ են փոխանակել այն գործողությունների մասին, որոնք կարող են ձեռնարկվել ընթացիկ տասնամյակում բոլորի համար ավելի լավ ապագա ապահովելու նպատակով։ PIK ղեկավար Յոհան Ռոքսթրյոմը հայտարարել է, որ նախկինում երբեք նման ակնհայտ դիմում մարդկությանը Նոբելյան դափնեկիրների կողմից չի եղել։ Ռիսկերը հսկայական են, անհրաժեշտ միջոցներն աննախադեպ են լինելու»,- ասել է նա։

Մեծ Բրիտանիան մտադիր է G7 գագաթաժողովն անցկացնել ավանդական ձեւաչափով, հունիսի 11-13-ը, Քոռնուոլ թերակղզու ատլանտյան ափին գտնվող Կարբիս Բեյ ամառանոցային քաղաքում։