Այսօր` հունիսի 27-ին հրապարակվել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ ԿԳՆ կողմից հայտարարված դրամաշնորհների բաց մրցույթի արդյունքները։ Մրցույթը կազմակերպվել էր կրթության ոլորտում ծրագրեր իրականացնող կազմակերպությունների համար:

Մրցույթին մասնակցելու համար ընդունվել է 26 հայտ, հաղթող է ճանաչվել 8 կազմակերպություն։ Մրցույթի արդյունքում ընտրված կազմակերպությունները կստանան առավելագույնը 500 հազար դրամի չափով դրամաշնորհ՝ հանրակրթության, նախադպրոցական կրթության, միջին մասնագիտական կրթության,  գիտության, լրացուցիչ կրթության բնագավառներում եւ գիտելիքի արժեւորմանն ուղղված ծրագրեր իրականացնելու համար։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ներկայացմամբ, նախապես հայտարարված 10 անվանակարգերից բարձրագույն կրթության բնագավառում ոչ մի հայտ չի ներկայացվել, եւ այս ոլորտին նախատեսված գումարը կուղղորդվի երիտասարդ գիտնականների կողմից ստեղծված «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» շարժման կողմից իրականացվելիք ծրագրերին։

Կ. Ավագյանը շեշտեց, որ ծրագրի շրջանակներում հիմնական ուշադրությունը դարձվել է մարզային հասարակական կազմակերպությունների վրա՝ փորձելով նրանց ակտիվացնել կրթական համակարգում։ Հասարակական կազմակերպությունների կողմից ծրագրերի հիմնական մասը կիրականացվի ՀՀ մարզերում, Արցախում եւ Ջավախքում։