Պատերազմ սկսած Ադրբեջանը հանցագործ է, բայց փաստ է, որ հանցագործ լինելով հանդերձ՝ ինքն է հանդես գալիս իբրեւ պահանջատեր, մինչդեռ Հայաստանը, որպես հաղթող կողմ, լարվում է եւ յուրաքանչյուր հանդիպումից առաջ չի կարողանում հաղթահարել թերարժեքության զգացողությունը։ Հունիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը:
«Ադրբեջանը ոգեւորվում է, մանավանդ տեսնելով, որ Հայաստանը հաշտվում է տարածքներ հանձնելու մտքի հետ, հանդես գալով զոհի դերում։ Իսկ հայտնի է, որ իր առջեւ զոհ տեսնելիս գիշատչի ախորժակն ավելի է բացվում։ Մենք անընդհատ նահանջում ենք, իսկ Ադրբեջանը՝ տարեցտարի հզորանում։ Ակնհայտ է, որ եթե այսպես շարունակվի, նա մի օր էլ պատերազմ կսկսի։ Մի օր կծիկը կպայթի։ Բանավոր սպառնալիքներն անըդհատ չեն կարող անհետեւանք մնալ, դրանք որոշ ժամանակ անց գործի կվերածվեն»,- կանխատեսեց Հարություն Մեսրոպյանը։




























