Կամբոջայում հինգ տարի ականներ եւ չպայթած զինամթերք հոտոտելուց հետո Մագավա առնետը թոշակի է անցնում, հաղորդում է Associated Press-ը:

Աֆրիկյան հսկա առնետը ամենահաջողակ կրծողն էր, որին բելգիական APOPO հասարակական կազմակերպությունը վերահսկում էր եւ սովորեցնում էր ականներ գտնել, ինչպես նաեւ մարդկանց զգուշացնել, որպեսզի պայթուցիկ նյութերը անվտանգ դուրս բերվեն:

Անցյալ տարի առաջին անգամ նա ստացել է Մեծ Բրիտանիայի բարեգործական կազմակերպության «Կենդանիների խիզախության համար» բարձրագույն քաղաքացիական պարգեւը՝ պատիվ, որը մինչ այդ նախատեսված էր բացառապես շների համար:

«Թեեւ նա դեռ առողջական լավ վիճակում է, Մագավան հասել է կենսաթոշակային տարիքի եւ ակնհայտորեն սկսում է դանդաղել»,- հայտնել է կազմակերպությունը,- Ժամանակը եկել է»։

Մագավան այն առնետներից է, որոնք բուծվել են հատուկ ականներ որոնելու համար: Նա ծնվել է 2014 թվականին՝ Տանզանիայում, իսկ 2016-ին տեղափոխվել է կամբոջական հյուսիսարեւմտյան Սիեմրեափ քաղաք, որտեղ գտնվում են Անգկորի հայտնի տաճարները՝ ռումբեր որոնելու իր կարիերան սկսելու համար:

59 երկրներում ավելի քան 60 միլիոն մարդ դեռեւս մնում է ականների եւ չպայթած զինամթերքների սպառնալիքի տակ: 2018-ին ականները եւ պատերազմի մյուս մնացորդները սպանել եւ վիրավորել են 6897 մարդու, գրում է գործակալությունը: