Հիվանդանոցի աշխատակցին, ում մեղադրանք էր առաջադրվել օձի խայթոցից թունավորված երիտասարդի մահվան համար, դատապարտել են 2 տարվա ազատազրկման:
Ողբերգությունը տեղի էր ունեցել Կոտայքի մարզի Գառնի գյուղում անցած տարվա հունիսի 6-ին: Գյուրզան կծել էր 18-ամյա Արբակ Ներսիսյանին, ով հնձում էր խոտը սեփական տան այգում: Երիտասարդին տեղափոխել էին Գառնի գյուղի հիվանդանոց, ապա Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ էլ նա մահացել էր: Մահացածի հայրը հայտարարել էր, թե գյուղի հիվանդանոցում իր որդուն անհրաժեշտ օգնություն չի ցուցաբերվել, եւ հունիսի 16-ին հայտարարություն էր ներկայացրել ոստիկանություն: Մահվան փաստի առիթով քրեական գործ էր հարուցվել, իրականացվել էին փորձաքննություններ:
Գործի շրջանակներում 109 հոդվածի 1-ին մասի (Անզգուշությամբ մահ պատճառելը) հատկանիշներով մեղադրանք էր առաջադրվել Գառնիի հիվանդանոցի բժիշկ Լուսիկ Սարդարյանին: Ըստ մեղադրական եզրակացության, Լուսիկ Սարդարյանը չի ապահովել տուժածի անհրաժեշտ հետազոտությունը, ավելին, ձեռնարկել է գործողություններ, որոնք հակացուցված են տվյալ դեպքում: Նա կտրվածքներ է արել վերքի շուրջ, ինչը թույլ է տվել, որ թույնն ավելի արագ տարածվի: Այդկերպ ըստ քննչական մարմնի, Լ.Սարդարյանն անզգուշությամբ մահ է պատճառել տուժածին:
Դատաքննությունը սկսվել էր այս տարվա հունվարին: Հունիսի 24-ին կայացած նիստում դատավոր Յուրի Բաղդասարյանը վճիռ է կայացրել` Լուսիկ Սարդարյանին դատապարտելով 2 տարվա ազատազրկման, սակայն նրա նկատմամբ համաներում է կիրառել եւ ազատ արձակել: Սարդարյանը պետք է 1,5 միլիոն դրամ փոխհատուցում վճարի: Վճիռը մահացածի իրավահաջորդը կարող է բողոքարկել մեկ ամսվա ընթացքում:



























