Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր` հունիսի 27-ին ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Սելեսթե Վոլանդերին եւ քննարկել երկու երկրների ՊՆ-ների միջեւ համագործակցությանն առընչվող հարցեր:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը հաջողությամբ զարգանում է ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ ՆԱՏՕ-ի շրջանակներում:
Կարեւորելով միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությունը` Սելեսթե Վոլանդերը բարձր է գնահատել հայ խաղաղապահների առաքելությունը Աֆղանստանում, ինչպես նաեւ աֆղանական անվտանգության ուժերի ուսուցման եւ վերապատրաստման աշխատանքներին մասնակցելու Հայաստանի պատրաստակամությունը: ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել խաղաղապահության, ռազմակրթության, պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի ջանքերին:
Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել Սելեսթե Վոլանդերին` Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքներում ԱՄՆ-ի ցուցաբերած փորձագիտական օժանդակության համար:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաեւ տարածաշրջանային անվտանգության խնդիրների եւ մասնավորապես ԼՂ խնդրի վերաբերյալ: ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ Հայաստանը, հանդես գալով ղարաբաղյան հարցը խաղաղ ճանապարհով կարգավորելու դիրքերից, խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը եւ որեւէ շահագրգռվածություն չունի հայկական ու ադրբեջանական զորքերի շփման գծում իրադրությունը սրելու համար:
Միաժամանակ, Սեյրան Օհանյանը մտահոգություն է հայտնել առ այն, որ ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման հարցում չի դրսեւորում նույնքան պատրաստակամություն, ինչի արդյունքում պարբերաբար արձանագրվում են հրադադարի խախտման դեպքեր:




























