Կանադայում բողոքի ցույցի մասնակիցները, ի հիշատակ երեխաների, որոնց աճյունները հանտաբերվել են հնդկացի երեխաների նախկին դպրոցի տարածքում, քանդել են բնիկ երեխաների համար գիշերօթիկ դպրոցների համակարգ ստեղծողներից մեկի` Էգերտոն Ռայերսոնի արձանը, գրել է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Toronto Star-ին:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Կանադայի Կամլուպս քաղաքում՝ բնիկ երեխաների նախկին գիշերօթիկ դպրոցի տարածքում հայտնաբերվել են երեք տարեկանից բարձր 200-ից ավելի երեխաների աճյուններ: Ինչպես հայտնում է CBC News-ը, հնդկացի երեխաների գիշերօթիկ դպրոցը գործում էր 1890-1969 թվականներին՝ կաթոլիկ եկեղեցու վերահսկողության ներքո: Հետագայում այն անցավ դաշնային կառավարության վերահսկողության տակ եւ գործեց մինչեւ 1978 թվականը:
Ըստ CBC News-ի՝ կիրակի ցուցարարները գրաֆիտի են նկարել Ռայերսոնի արձանի եւ դրա պատվանդանի վրա, իսկ երեկոյան քանդել են այն: Ցուցարարները հայտարարել են, որ ուրախացել են՝ տեսնելով արձանի «ընկնելը», որը տարիներ շարունակ վեճերի առարկա է եղել:
Ավելի վաղ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն դատապարտել է գիշերօթիկ դպրոցների գործելակերպը՝ այն անվանելով «ողբերգություն»: Նրա խոսքով՝ երեխաներին վերցրել են իրենց ընտանիքներից:
Կանադայի բնիկներից ավելի քան 150 հազար դեռահասներ նման հաստատություններով են անցել. դաժան վերաբերմունքի եւ խնամքի բացակայության պատճառով այնտեղ մահացել է առնվազն 3,2 հազար աշակերտ: Կանադայի կառավարությունը նախկինում այս կապակցությամբ պաշտոնական ներողություն է խնդրել:





























