Մայիսին Չինաստանի արտահանումը դոլարային արտահայտությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է գրեթե 28 տոկոսով: Ներմուծումն աճել է 51.1 տոկոսով, ինչը ռեկորդային է 2010 թվականից ի վեր: Առեւտրի ավելցուկն ամսվա համար 45.5 միլիարդ դոլար է կազմել: Երկրում առեւտրային բում է սկսվել, գրում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը:
Չինական ապրանքների արտասահմանյան պահանջարկն աճում է, քանի որ համաշխարհային տնտեսությունները դուրս են գալիս ամիսների մեկուսացումից` խթանելով սպառողների ծախսերը: Ակտիվ վերականգնումը խթանել է ապրանքների պահանջարկը, ինչը նույնպես նպաստել է ապրանքների գների զգալի աճին:
Տարվա առաջին հինգ ամիսներին Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ առեւտուրը տարեկան կտրվածքով աճել է 23.6 տոկոսով (մինչեւ 50.65 միլիարդ դոլար): Արտահանումները դեպի Ռուսաստան աճել են 35.3 տոկոսով (մինչեւ 22.921 միլիարդ դոլար): Ռուսական ապրանքների եւ ծառայությունների ներմուծումն աճել է 15.4 տոկոսով (մինչեւ 27.735 միլիարդ դոլար): Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ առևտուրը հինգ ամսվա ընթացքում աճել է 52.3 տոկոսով՝ կազմելով 279.64 միլիարդ դոլար:
Այս տարվա առաջին եռամսյակում Չինաստանի տնտեսությունն աճել է ռեկորդային 18.3 տոկոսով, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն ընկել էր 6.8 տոկոսով:
Տնտեսական աճի վրա ազդել է մի քանի գործոն, այդ թվում` ներքին պահանջարկի աճը, աշխատաշուկայում կայունությունը, բարձր արտադրողականության ապահովումը եւ գործարարների սպասելիքների բարելավումը:




























