Հնդկական օվկիանոսի հյուսիս-արեւմուտքում գտնվող Սոկոտրա կղզին կանգնած է բնապահպանական աղետի վտանգի առաջ: Рhys.Org պորտալը գրում է, որ կղզին արագորեն կորցնում է իր հազվագյուտ վիշապային ծառերը, որոնք միայն այստեղ են աճում:

Սոկոտրա կղզին գտնվում է Աֆրիկայի եւ Արաբիայի միջեւ, Եմենի ափերից մոտ 350 կմ հարավ: Կղզին համարվում է աշխարհի ամենահարուստ վայրերից մեկը՝ կենսաբանական բազմազանության տեսակետից, բայց կլիմայական փոփոխություններն այստեղ էլ են հասել, հայտնում է Planet- today-ը:

Սոկոտրա կղզում աճում են Dracaena cinnabari ծառերը, որոնք հայտնի են որպես Սոկոտրայի վիշապային ծառեր: Դրանք վառ կարմիր հյութ են արտազատում, որն ասոցացվում է առասպելական վիշապների արյան հետ: Dracaena cinnabari-ն էնդեմիկ է եւ Սոկոտրայի խորհրդանիշն է, ուստի այս տեսակի հանդեպ սպառնալիքը լուրջ մտահոգություններ է առաջացնում:

Փաստն այն է, որ հազվագյուտ վիշապային ծառերը ոչնչացվում են կղզուն վրա հասնող ավելի ու ավելի ուժեղացող փոթորիկների պատճառով: Տնկիները, որոնք պետք է փոխարինեն կորսված ծառերին, ուտում են այծերի հոտերը, որի հետեւանքով սպառնալիքը կախված է ամբողջ էկոհամակարգի գլխին: «Ծառերը պահպանում են ջրային բալանսը, ուստի տեղացիները ավանդաբար հարգանքով են վերաբերվում նրանց: Բայց վերջին տասնամյակների ընթացքում ծառերը սկսել են անհետանալ ցիկլոնների եւ կենդանիների չափազանց մեծ բազմացման պատճառով»,- պատմում է տեղի բնակիչ Ադնան Ահմեդը: