Պետեկամուտների կոմիտեն սկսել է հրապարակել նոր վիճակագրություն` իր կողմից վերահսկվող եկամուտների վերաբերյալ: Մինչ այդ պետբյուջեի եկամուտների ստացումն ըստ առանձին հարկատեսակների հրապարակում էր միայն ֆինանսների նախարարությունը` բյուջեի կատարողականի հետ միասին:
Համադրելով ՊԵԿ-ի եւ ֆինանսների նախարարության հրապարակումները` կարելի է նկատել մի շարք էական տարբերություններ, ինչը հավանաբար հասկանալի է դարձնում, թե ինչու է ՊԵԿ-ը որոշել սեփական հաշվետվությամբ հանդես գալ: Բավական խոսուն է նաեւ հաշվետվության վերնագիրը` «ՊԵԿ-ի կողմից վերահսկվող եկամուտների վերաբերյալ», ինչն ակնարկում է այն մասին, որ կան նաեւ ՊԵԿ-ի կողմից չվերահսկվող եկամուտներ:
Հիմա նշենք այն տարբերությունների մասին, որ առկա են ՊԵԿ-ի եւ ֆինանսների նախարարության հաշվետվություններում (հունվար-մայիս ժամանակահատվածում):
Ըստ ֆինանսների նախարարության, ակցիզային հարկը կազմել է 14.6 մլրդ դրամ, իսկ ըստ ՊԵԿ-ի` 8.5 մլրդ դրամ: Թե ո՞ւր է կորել 6 մլրդ դրամ ակցիզային հարկը, կամ ո՞վ է այն հավաքագրել պետբյուջեի համար, մնում է գաղտնիք:
Տարբերություն կա նաեւ ավելացված արժեքի հարկի մասով: Ըստ ֆինանսների նախարարության տվյալների, մուտքերը կազմել են 124.8 մլրդ դրամ, ըստ ՊԵԿ-ի, 123.2 մլրդ դրամ, տարբերությունը կազմում է 1.6 մլրդ դրամ:
Նշենք, որ, օրինակ, շահութահարկի, եկամտահարկի կամ սոցիալական ապահովության վճարների մասով գրեթե տարբերություններ չկան:
Սամվել Ավագյան




























