ԱԺ նախագահ Սամվել Բալասանյանի որդին` Միսակ Բալասանյանը հերքում է լուրերն այն մասին, ըստ որոնց պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը Գյումրիի քաղաքապետի ընտրություններում: «Այսօրվա դրությամբ ոչ մի նմանատիպ խոսակցություն չկա: Ինչքան լավ կլիներ, որ ամեն մարդ զբաղվեր իր գործով: Ես զբաղվում եմ բիզնեսով, ինձ շատ լավ եմ զգում, սիրում եմ այս գործը: Քաղաքականության մեջ ընդհանրապես չեմ խառնվել: Շատ ուրախ կլինեի, որ այսուհետ եւս զբաղվեի այս գործով»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բալասանյանը:
Նա նշեց, որ իր հասցեին հնչող տարատեսակ լուրերին աշխատում է ուշադրություն չդարձնել: Ինչ վերաբերում է այն լուրերին, թե Բալասանյանն արդեն իսկ նախընտրական կոմպանիա է սկսել` բարեգործական ակցիաներ է կազմակերպում` ծերերին, մանկապարտեզներին, սոցիալապես խոցելի խավի ընտանիքներին օգնելու համար, բակ ու պուրակների վերակենդանացման մի շարք ծրագրեր է փորձում իրականացնել, նա արձագանքեց. «Բարեգործություն մենք իրականացնում ենք մշտապես: Ես ընդհանրապես չեմ սիրում խոսել բարեգործության մասին, քանի որ այդ մասին չի կարելի խոսել: «Գյումրի» գարեջրի գործարանն ամեն տարեվերջին նմանատիպ ակցիաներ է իրականացնում եւ այդ մասին հրապարակավ հայտնում միայն այն պատճառով, որ մյուս գործարարները նույնպես բարեգործությամբ զբաղվեն»:
Նշենք, որ Միսակ Բալասանյանը «Գյումրի» գարեջրի գործարանի գործադիր տնօրենն է:
Ըստ տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկությունների` Գյումրիի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այլեւս չի վայելում իշխանությունների վստահութունը եւ նրանք Հանրապետության երկրորդ քաղաքի համար նոր ղեկավար են նախանշում: Այդ գործընթացին աջակցում է նաեւ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը, ում հարաբերություններն, ըստ լուրերի, գնալով էլ ավելի են լարվում են Գյումրիի քաղաքապետի հետ:




























