Վաշինգտոն նահանգում մարիխուանա վաճառող լիցենզավորված խանութները կորոնավիրուսի դեմ պատվաստվածներին թմրախոտերի անվճար գլանակ կառաջարկեն, հաղորդում է Wane-ն:
Ծրագիրը թույլ կտա մարիխուանայի մանրածախ վաճառողներին մեկ նախապես փաթաթված գլանակ բաժանել 21 տարեկանից բարձր բոլոր մարդկանց, ովքեր մինչեւ հուլիսի 12-ը կպատվաստվեն տեղական կլինիկայում:
Նահանգն արդեն թույլ է տալիս գարեջրի գործարաններին, գինու գործարաններին եւ ռեստորաններին անվճար խմիչքներ առաջարկել պատվաստման ապացույցի դիմաց: Այլ խրախուսանքների թվում են սպորտային միջոցառումների անվճար տոմսերն ու մինչեւ 1 միլիոն դոլարի մրցանակները:
Գաղափարն այն է, որ ավելի շատ մարդկանց համոզեն պատվաստվել: Նահանգապետ Ջեյ Ինսլին մտադիր է վերացնել համավարակի բոլոր սահմանափակումները ամսվա վերջին կամ ավելի վաղ, եթե 16-ից բարձր տարիք ունեցող մարդկանց 70%-ը ստանա պատվաստանյութի առնվազն առաջին չափաբաժինը:




























