Հարավաֆրիկացի կինը Պրետորիայում 10 երեխա է ունեցել, ինչը կարող է համաշխարհային նոր ռեկորդ դառնալ։ Գինեսի ռեկորդների գիրքը ուսումնասիրում է այս դեպքը, տեղեկացնում է BBC News-ը։

Գոսիամե Թամարա Սիթհոլի ամուսինն ասում է, որ իրենք ցնցված էին՝ հաշվի առնելով այն, որ սքանավորումը ցույց էր տվել միայն ութ երեխա մոր արգանդում։ «Յոթ տղա եւ երեք աղջիկ։ Ես երջանիկ եմ։ Ուրիշ բան ասել չեմ կարող»,- ասել է տասը մանկիկների հայրը։ Ընտանիքի անդամներից մեկը, որը չի ցանկացել նշել անունը, BBC-ին տեղեկացրել է, որ հինգ երեխաները լույս աշխարհ են եկել բնական ծննդաբերությամբ, իսկ մնացած հինգը՝ կեսարյան հատմամբ։ Գինեսի ռեկորդների գիրքը տեղեկացրել է, որ ուսումնասիրում է արտասովոր դեպքը։ Անցած ամիս 25-ամյա Խալիմա Սիսեն Մալիից միանգամից ինը երեխա էր ունեցել, որոնք, ինչպես տեղեկացվում է, իրենց հիանալի են զգում Մարոկոյի կլինիկաներից մեկում։