Թագավորական այգեգործական ընկերության աճեցրած վարդերի նոր տեսակն անվանվել է ի պատիվ Եղիսաբեթ II թագուհու հանգուցյալ ամուսնու՝ Էդինբուրգի հերցոգ, արքայազն Ֆիլիպի, որը մահացել է ապրիլի 9-ին 99 տարեկան հասակում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով BBC-ին։

Duke of Edinburgh տեսակի վարդերի թուփը անցած շաբաթ տնկվել է Վինձորի ամրոցում՝ Եղիսաբեթ II թագուհու պաշտոնական քաղաքամերձ նստավայրում, իսկ հինգշաբթի, այն օրը, երբ Ֆիլիպը կդառնար 100 տարեկան, ներկայացվել է միապետին։ Ընկերության ղեկավար Քիտ Ուիդը Եղիսաբեթ II-ին է մատուցել մուգ վարդագույն ծաղիկներից մեկը՝ փաթեթավորված դարչնագույն թղթով։ Թագուհու խոսքով՝ վարդը «հիասքանչ» է, եւ դա «շքեղ նվեր է»։

Տեղեկության համաձայն՝ Միացյալ Թագավորությունում յուրաքանչյուր նման վարդի վաճառքից £2,5-ը կհատկացվի «Կենդանի ժառանգություն» բարեգործական հիմնադրամին, որն ստեղծվել է Էդինբուրգի հերցոգի հիշատակին։

Մեծ Բրիտանիայի թագավորական փոստը ավելի վաղ հայտարարել էր չորս նոր դրոշմանիշների թողարկման մասին՝ արքայազն Ֆիլիպի սեւ-սպիտակ դիմանկարներով՝ արված նրա կյանքի տարբեր ժամանակաշրջաններում։ Առաջին դրոշմանիշի վրա ներկայացված է երիտասարդ հերցոգը կոստյումով։ Երկրորդի վրա նա պատկերված է զինվորական համազգեստով, երբ ներկա էր շքերթին որդու՝ Յորքի հերցոգ Էնդրյուի մասնակցությամբ։ Երրորդ դրոշմանիշի վրա Ֆիլիպը եվրոպական գլխարկով է Վինձորում թագավորական հեծելազորի շոուի ժամանակ։ Չորրորդում նրա դիմանկարն է սպայական համազգեստով։