Լեհաստանում հինգ մարդ դատի է տվել կառավարությանը՝ կլիմայի փոփոխության ազդեցությունից իրենց պաշտպանելու անկարողության համար, ինչը երկրում առաջին նման դատական գործընթացն է, հաղորդում է Reuters-ը:
Լեհաստանը ծրագրում է հսկայական ներդրումներ կատարել օֆշորային քամու էներգիայի մեջ եւ ցանկանում է կառուցել առաջին ատոմակայանը` ածխածնի արտանետումները կրճատելու համար, բայց ակտիվիստները քննադատում են Վարշավային այն բանի համար, որ նա չի շտապում հրաժարվել ածխից եւ բարելավել օդի որակը:
Լեհաստանը Եվրամիության անդամ միակ երկիրն է, որը չի պարտավորվել մինչեւ 2050 թվականը հասնել ջերմոցային գազերի զրոյական զուտ արտանետումների:
«Ես տեսնում եմ կլիմայի փոփոխությունը... Իմ ֆերմայում երեք լճակ կա, երեքն էլ արդեն գրեթե չորացել են»,- ասել է Լեհաստանի հյուսիս-արեւելքից ֆերմեր Պյոտր Ռոմանովսկին՝ հինգ հայցվորներից մեկը: «Ես ներկայացնում եմ այս հայցը, քանի որ Լեհաստանի կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում այս իրավիճակը կանխելու համար, կլիմայի փոփոխությունը կանխելու համար»,- ասել է նա:
Այլ հայցվորների թվում են էկոտուրիզմի բիզնեսի սեփականատեր, տարբեր ընտանիքների ծնողներ եւ կլիմայի փոփոխության դեմ պայքարի երիտասարդ քարոզիչ: Հինգշաբթի օրը երեք հայց է ներկայացվել, եւս երկու հայց պետք է այս ամսվա վերջին ներկայացվի տարածաշրջանային դատարաններ:
Նրանք խնդրում են դատարաններին որոշում կայացնել, որ Լեհաստանը պարտավորվում է մինչեւ 2030 թվականը ջերմոցային գազերի արտանետումները 61%-ով կրճատել՝ 1990-ի մակարդակի համեմատ, եւ մինչեւ 2043 թվականը հասնել կլիմայի չեզոքության:





























