Աբու Դաբիում հունիսի 15-ից սահմանափակվելու է մուտքը առեւտրի կենտրոններ, ռեստորաններ, սրճարաններ եւ հասարակական այլ վայրեր նրանց համար, ովքեր չեն պատվաստվել կամ չունեն կորոնավիրուսի՝ վերջերս կատարված թեստավորման բացասական պատասխան, հաղորդել է Reuters-ը:

Վերջին երեք շաբաթների ընթացքում ԱՄԷ-ում դեպքերի թիվն օրեցօր աճում է: Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է վարակի 2179 նոր դեպք՝ մայիսի 17-ի 1229 դեպքի համեմատ:

Աբու Դաբիի իշխանությունները հայտարարել են, որ սահմանափակումները վերաբերելու են նաեւ մարզադահլիճներին, հյուրանոցներին եւ դրանց օբյեկտներին, հասարակական զբոսայգիներին, լողափերին, լողավազաններին, ժամանցի կենտրոններին, կինոթատրոններին եւ թանգարաններին: Այցելուները ստիպված են լինելու ապացուցել, որ իրենք պատվաստվել են կամ ունեն կորոնավիրուսի՝ վերջերս կատարված թեստավորման բացասական պատասխան COVID-19-ի հավելվածի միջոցով, որը ցույց է տալիս անձի պատվաստումների եւ թեստավորումների պատմությունը:

Չպատվաստված անձինք պետք է յուրաքանչյուր երեք օրը մեկ թեստավորում անցնեն՝ իրենց «կանաչ»կարգավիճակը պահպանելու համար: Ամբողջությամբ պատվաստված անձը դա պետք է անի յուրաքանչյուր 30 օրը մեկ: