Հայաստանում առկա են երաշտի բոլոր նախադրյալները: Այսօր` հունիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը: «Եղանակը հուսադրող չէ, հատկաապես կարտոֆիլագործներին խորհուրդ եմ տալիս թեթեւ ոռոգում անել` բույսի չորացումը կանխելու համար»,- ասաց Հ. Բերբերյանը:

Նշենք, որ «Հայհիդրոմետի» օպերատիվ կանխատեսումների բաժնի պետ Զարուհի Պետրոսյանը հունիսի 16-ի ասուլիսում հայտարարել էր, որ այս տարի սպասվում է «տիպիկ տարածաշրջանային» ամառ, իսկ երաշտի հավանականություն դեռեւս չկա, ավելին` առկա է խոնավության ավելցուկ:

Սակայն «Հայհիդրոմետի» այս կանխատեսումներին Հ. Բերբերյանը խորհուրդ է տալիս լուրջ չվերաբերել, իսկ Զարուհի Պետրոսյանին էլ խորհուրդ տվեց «իր գործով» զբաղվել: «Զարուհին հայտարարեց, որ ցրտահարություն էլ է լինելու, բայց եղա՞վ: Զարմանում եմ, որ հիմնական գործը թողած` ուրիշի գործերով է զբաղվում: Մեկ ցրտահարություն է կանխատեսում, մեկ հակառակը, բայց պրակտիկան ցույց է տալիս, որ դրանք արժանահավատ չեն»,- ասաց Հ. Բերբերյանը։