«Շիրակ կենտրոնը» տեղեկատվության հարցում է ուղղել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, կապված «Չերքեզի ձոր» տարածքում ինքնակամ կառույցների օրինականացման խնդրի հետ:
Հարցման մեջ մասնավորապես, նշվում է.
«Գյումրիի «Չերքեզի ձոր» տարածքում հիմնականում երկրաշարժից հետո տասնյակ անօթեւան ընտանիքներ տեղադրեցին տնակներ, ինչպես նաեւ կառուցեցին քարաշեն եւ կիսաքարաշեն բնակելիներ: Այդ թաղամասի բնակիչները բազմիցս են դիմել տարբեր ատյաններ այդ կառույցներն օրինականացնելու խնդրով: Սակայն, ինչպես գիտենք, Գյումրիի գլխավոր հատակագծով այդ տարածքը համարվում է կանաչ գոտի, ուստի այնտեղ կառուցված շինությունները ենթակա չեն օրինականացման:
Վերջին շրջանում հանրապետական մամուլում մի շարք հրապարակումներ եղան այն մասին, որ ինչ-որ անձինք թաղամաս են այցելել եւ իբր թե սեփականաշնորհման համար` բնակիչների զբաղեցրած տարածքների չափագրումներ են իրականացրել, դրա համար յուրաքանչյուր ընտանիքից գանձել են 20.000-ից 30.000 դրամի չափով գումարներ, սակայն որեւէ փաստաթուղթ չեն տվել: Ավելին, բնակիչները չգիտեն անգամ նրանց անուն-ազգանունները եւ չափագրող կազմակերպության անվանումը:
Առաջնորդվելով ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով, խնդրում եմ տրամադրել հետեւյալ տեղեկությունները.
1. Արդյոք քաղաքապետարանը տեղյա՞կ է «Չերքեզի ձոր» թաղամասի բնակչությունից չափագրման եւ քարտեզագրման պատճառաբանությամբ գումարներ գանձելու դեպքի մասին,
2. եթե կատարվել է անօրինական գործողություն, արդյոք այդ մասին տեղյակ պահվե՞լ են իրավապահ մարմինները,
3. Գյումրիում ինքնակամ կառույցների օրինականացման նպատակով ո՞ր կազմակերպություններն են իրականացնում չափագրման եւ քարտեզագրման աշխատանքները,
4. Գյումրիի քաղաքապետարանն ի՞նչ ծրագրեր ունի այդ թաղամասի բնակելիների օրինականացման եւ առհասարակ «Չերքեզի ձորի» վերականգնման ու զարգացման համար,
5. արդյոք «Չերքեզի ձորի» տարածքից որոշ հատվածներ տրվա՞ծ են երկարաժամկետ վարձակալության որեւէ անհատի կամ կազմակերպության: Եթե այո, ապա ու՞մ, ի՞նչ հիմքով եւ քանի՞ տարի ժամանակով,
6. եթե կանաչ տարածքը վերականգնելու նպատակով այնուամենայնիվ բնակելիները ենթակա են քանդման, ապա ինչպե՞ս են լուծվելու այդ թաղամասում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրները: Ինչպես է լուծվելու նաեւ այդ տարածքում գործող, Գյումրու ռուսական ռազմակայանին պատկանող հսկայական լվացքատունը տեղափոխելու հարցը, որի ծառայությունից օգտվող օրական տասնյակ բեռնատար մեքենաներ են մուտք գործում «Չերքեզի ձորի» կանաչ տարածք»:




























