Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ու կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հունիսի 28-ին Մ.Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանում մասնակցել են ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտներին «լեյտենանտ» սպայական կոչում շնորհելու հանդիսավոր արարողությունը:
Շնորհավորելով ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտներին սպայական կոչում ստանալու կապակցությամբ` պաշտպանության նախարարը մասնավորապես ասել է. «Նայելով ձեզ` կարող ենք համոզմունք հայտնել, որ հայոց բանակ զորակոչվող երիտասարդը վստահությամբ է իր պարտքը կատարելու Հայրենիքի հանդեպ, քանզի նրա առողջության համար հոգ են տանելու ձեր պես գրագետ բժիշկները»:
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթում փաստել է, որ ի դեմս ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտ-սպաների` հայ զինվորի կյանքն ու առողջությունը վստահելի ձեռքերում է:




























